հինգշաբթի, 17 փետրվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Հրանտ Մաթևոսյանի 70-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքն ու հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների բաշխման հետ կապված հարցեր:
Հանձնաժողովի նախագահ ՀՀ վարչապետին և հանձնաժողովի անդամներին զեկուցվել է, որ հանձնարարականները հիմնականում կատարվել են: Դրանց թվում նշվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին տրված հանձնարարականը, ըստ որի՝ վերջինս Հայաստանի գրողների միության նախագահի հետ պետք է քննարկեր և հանձնաժողովի նիստին ներկայացներ Հ. Մաթևոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի սցենարը:
Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, առաջիկա օրերին Երևանի քաղաքապետը կզեկուցի գրողի անունով Երևանում փողոց անվանակոչելու և նրա տան առջև հուշաքար տեղադրելու միջոցառումների հետ կապված՝ քաղաքապետարանի առաջարկի մասին:
Կատարված հանձնարարականների շարքում նշվել են նաև մեծ գրողի «Չեզոք գոտի» պիեսի բեմադրությանը հնարավորինս աջակցելու, ինչպես նաև հոբելյանին նվիրված ռադիո-հեռուստահաղորդումների համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրման հարցերը, Հ. Մաթևոսյանի դիմանկարով հոբելյանական նամականիշ թողարկելու, գրողի հայրենի գյուղ տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունների հստակեցման հարցերը, որոնք հանձնարարված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին ու Լոռու մարզպետին: Հանձնաժողովի անդամներին զեկուցվել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկվել է Մոսկվայում գրողի հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցը և հոբելյանական միջոցառումների ծրագրի այդ կետը ևս պատշաճ մակարդակով կիրականացվի: