երեքշաբթի, 26 սեպտեմբերի 2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած բռնի տեղահանված 19 հազար անձանցից ավելի քան 2500 -ը ապահովվել է կեցավայրով
ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ինչպես նշել է Տիգրան Խաչատրյանը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Ըստ փոխվարչապետի՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր ՀՀ բոլոր մարզերում գտնվող հյուրատները և հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել. «Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավայրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»։
Փոխվարչապետը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը գործարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները լուծելու համար մեխանիզմները։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրներով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ, որը անցած ինը ամիսների ընթացքում տարբեր բնույթի խնդիրներ էր փորձում լուծել։ «Երեք օր է, ինչ աշխատանքային խմբի անելիքների շրջանակը փոխվել է։ Գիտեք, որ երրորդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվում են քաղաքացիները. մեծաթիվ մարդիկ են տեղափոխվում Հայաստան։ Անհրաժեշտ է այդ մարդկանց դիմավորել, պարզել նրանց առաջնային կարիքները և օրվա ընթացքում 24 ժամ անընդմեջ աշխատելով՝ ուղղորդել, տեղավորել և ամենաառաջնային նշանակության խնդիրները կարգավորել»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: