չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2023
Ժամը 18:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 53 629 անձ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ և 10 985 տրանսպորտային միջոց, հաշվառվել է 35 491 անձ: «Ժամը 19:00-ի դրությամբ ևս 38 բուժառու տեղափոխվել է օդային ճանապարհով: Ընդհանուր առմամբ օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու: Այս պահին բուժկենտրոններից դուրս գրված բուժառուներ չունենք»,-ասել է Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ տեղափոխվել է 129 աճյուն:
Մամուլի խոսնակը նշել է, որ ընդհանուր առմամբ գործընթացը ընթանում է համակարգված, սակայն պետք է հաշվի առնել, որ այս օրերին ներհոսքը բավականին շատ է և մեծ հերթեր են գոյացել:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ irazekum.am կայքում տեղադրված են ՀՀ տարբեր մարզերում տեղակայված բոլոր հումանիտար կենտրոնների տվյալները, հասցեները, և այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառվել, կարող են հաշվառվել համապատասխան տարածքային կենտրոններում:
Վարչապետի մամուլի խոսնակը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծը գործում է շուրջօրյա. այս պահի դրությամբ ստացվել է 7300 զանգ՝ տարբեր հարցերով: Նշվել է նաև, որ առաջնային կարիքների հաշվառման համար գործում է համապատասխան հարթակ՝ e-soc.am, որտեղ լրացվել է շուրջ 5000 հայտ: Կամավորների հավաքագրման համար գործող՝ kamavor.mlsa.am կայքում գրանցվել է 730 քաղաքացի: Նաև սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրում է տեղի ունեցել, և իրենց աջակցությունն ու պատրաստակամություն են հայտնել շուրջ 150 կազմակերպություն՝ map.socservice.am կայքում: