հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2023
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 70 հազար 500
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը, որոնք հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, կազմում է 70 500: Նրանցից 50 866-ը հաշվառված է: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ մեկ ժամում մոտ 1000 անձ է սպասարկում ստանում:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում կան քաղաքացիները, ովքեր չունեն սեփական փոխադրամիջոցներ և իրենց տեղափոխման ուղղությամբ նույնպես Հայաստանի կառավարությունը քայլել է ձեռնարկել: Շուրջ 35 ավտոբուսներ կուղևորվեն Ստեփանակերտ՝ տեղահանված բնակիչների Հայաստան հասցնելու համար: Նազելի Բաղդասարյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե քանի անձ է օգտվել պետության տրամադրած կեցավայրից և շեշտել, որ անխտիր բոլոր այն անձանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, պետության կողմից առաջարկվում է կեցավայր:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելել է, որ ժամը 13:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 13 հազար 922-ը Հայաստանի որևէ մարզի որևէ համայնքում հաշվառվել է և տեղակայվել որևէ հյուրանոցում, հյուրատանը կամ առանձին հատկացված շինություններում, առանձնատներում: Ըստ մարզերի, ժամը 13:00-ի դրությամբ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 820 մարդ, Արարատի մարզ՝ մոտ 2200 մարդ, Արմավիրի մարզ՝ 1049 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 1349 մարդ, Լոռու մարզ՝ 527 մարդ, Կոտայքի մարզ՝ 3594 մարդ, Շիրակի մարզ՝ 763 մարդ, Սյունիքի մարզ՝ 1918 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 1027 մարդ և Տավուշի մարզ՝ 678 մարդ:
Գնել Սանոսյանը նշել է, որ հաշվառման գործընթացը չի սահմանափակվում միայն Գորիսում և Վայքում. հանրապետության 64 համայնքներում ստեղծվել են տեղակայման կենտրոններ և այնտեղ կան աշխատանքային խմբեր, ովքեր 24 ժամ աշխատում են:
Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ ՀՀ տարբեր մարզերում տեղակայված բոլոր հումանիտար կենտրոնների տվյալները, հասցեները տեղադրված են irazekum.am կայքում:
Գնել Սանոսյանը խոսել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին, նշել, որ կարճաժամկետ ծրագրերին է վերաբերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով այսօրվա կառավարության նիստում գումար հատկացնելու որոշումը: Նա նաև հավելել է, որ դեռևս երկուշաբթի կայացած կառավարության արտահերթ հեռավար նիստում որոշում է կայացվել և Սյունիքի մարզին արդեն 100 մլն դրամ հատկացվել է: Այսօրվա նիստում որոշվել է երեք մարզում 50 մլն և մյուս մարզերում՝ 30 մլն հատկացնել՝ հաշվի առնելով տեղաբաշխումը: Գումարը հատկացվում է տարբեր կարիքներ հոգալու համար՝ տրանսպորտային ծախսից սկսած մինչև հիգիենայի պարագաներ, սնունդ ձեռք բերելու համար:
Նազելի Բաղդասարյանը նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառման գործընթացը բաց են թողել (ըստ ներկայացված տվյալների՝ շուրջ 20 000 անձ դեռ չի հաշվառվել), ամենամոտ պետական հաստատությունում հաշվառումն իրականացնել, որից հետո օժանդակության տարբեր ծրագրերը հասանելի կլինեն:
«Անգամ այն անձինք, ովքեր Կոռնիձորը հատելուց հրաժարվել են պետական աջակցությունից՝ այս առաջնային փուլում կեցավայրից օգտվելուց, կարող են ցանկացած պահի դիմել մարզպետարաններ, համայնքային կենտրոններ և ստանալ անհրաժեշտ աջակցությունը»,- հավելել է վարչապետի մամուլի քարտուղարը: