ուրբաթ, 18 փետրվարի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 19 բարեգործական ծրագիրորի արդյունքում հաստատվել են՝ Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող Երևանի «Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն», «Վանաձորի, Գավառի և Երևանի «Զատիկ» մանկատների չափահաս դարձած սաների հետագա կրթության ապահովման», «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ», «Մաթևոսյան կրթավճար», «Ամառային հանգստի ճամբար», «Բարեգործական ճաշարաններ», «Վանաձորի ծերանոցի ֆինանսավորման» ծրագրերը, ինչպես նաև «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից իրականացվող Արագածոտնի մարզի Արեգ գյուղի դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման, Երևան քաղաքի մարզակառույցների կապիտալ վերանորոգման, Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և Սևան քաղաքի ու Խոր-Վիրապ գյուղի անապահով ընտանիքների ուսանողներին անհատույց տեղափոխման համար տրամադրված ավտոբուսների օգտագործման ծրագրերը: Նիստում քննարկվել և հաստատվել են նաև Գերմանիայի Բեռլին քաղաքի կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Ավստրիական մանկական հիվանդանոցի ջեռուցման ապահովման ծրագիրը, «Ինտերկապ» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը: Վերջինով նախատեսվում է Գերմանիայի Ֆլոտո քաղաքի Կարմիր խաչի միջոցներով բարեգործական բեռների ներկրում և անհատույց բաշխում Լոռու մարզի անապահով ընտանիքներին:
Հանձնաժողովի հաստատմանն արժանացած ծրագրերի շարքում են «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող`Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղի միջնակարգ դպրոցի կահավորման ծրագիրը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2005 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է օգնել փողոցում հայտնված երեխաներին և ծերերին, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, ինչպես նաև «Հավարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` Վանաձորի մանկատան վերանորոգման, Երևանի Նորքի մանկան տան վերանորոգման և Երևանի «Զատիկ» մանկատան վերանորոգման ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 12 ծրագրեր: