երկուշաբթի, 21 փետրվարի 2005
Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում կազմակերպվող «Պետական կառավարման բարելավում և կառուցվածքային բարեփոխումներ» թեմայով նախարարների հանդիպում: Նշված թեմայի շուրջ քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը և աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արթուր Մանասերյանը: Մանուկ Թոփուզյանն իր ելույթում հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում պետական կառավարման ոլորտի բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:
Քննարկումների արդյունքում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պետական կառավարման համար պատասխանատու նախարարներն ու արդարադատության նախարարներն ընդունել են համատեղ Հայտարարություն՝ «Կառուցվածքային բարեփոխումների և որակյալ կառավարման մասին»:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Հունական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու աշխատանքային խմբին և համակարգելու նրա գործունեությունը: