հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2023
Հայաստանի կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքիսա Սվաջյանը, Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեական լուծումների վերաբերյալ:
Նազելի Բաղդասարյանը նախ անդրադարձել է այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ գործադիրի ընդունած չորս որոշումներին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների լուծմանը: Ըստ այդմ՝ որոշումներից մեկը վերաբերում է վարձակալությամբ տրվող բնակարանների գումարներին: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացվել էր բնակարանի վարձակալության համար յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար՝ 10 000 դրամ: Այս որոշումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր բնակարան ունեն, չի տարածվում նաև նրանց ընտանիքի անդամների վրա: Սակայն վերջիններս կարող են ստանալ 10 000 դրամ գումարը՝ նախատեսված կոմունալ ծախսերի համար: Նազելի Բաղդասարյանը ընդգծել է, որ այս որոշումը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր ոչ թե բռնի տեղահանվել են սեպտեմբերի 24-ին ժամը 12-ից հետո, այլ նաև այն անձանց վրա, ովքեր Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել են Հայաստան նախորդող ամիսների ընթացքում:
Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրաձայնված այն հարցին, որ դեռևս կան մարդիկ, ովքեր չունեն բանկային քարտային հաշիվներ և հորդորել բռնի տեղահանված անձանց այցելել բանկեր և բացել քարտային հաշվեհամարներ 100 000 դրամ միանվագ աջակցությունը ստանալու նպատակով: Նա հիշեցրել է, որ վերջին տվյալներով առավել քան 52 600 անձի արդեն փոխանցվել է այդ գումարը, վաղը շուրջ 13 000 անձի ևս փոխանցումներ կկատարվեն:
Անդրադառնալով անչափահասների դիմումների ընդունման գործընթացին, Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է dimum.ssa.am կայքի մասին, որում գործում է երկու հարթակ: Մեկով մուտքագրվում են անչափահասների տվյալները 100 000 դրամ աջակցությունը ստանալու համար, իսկ մյուս հարթակով հնարավոր է հետևել 100 000 դրամ գումարի փոխանցման ընթացիքն, այսինքն՝ տեսնել, թե գումարը որ բանկ է փոխանցվել, կամ եթե մերժվել է, ապա ինչ պատճառով:
Կառավարության հաջորդ որոշումը վերաբերում էր Կոտայքի մարզին: Այդ որոշմամբ, կառավարությունը 300 մլն դրամ է հատկացրել բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների լուծման նպատակով: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ վերջին տվյալներով Կոտայքի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 24 141 անձ կա: Մարզում տեղակայվել են ամենաշատ թվով մարդիկ: Երկրորդը Արարատի մարզն է: Արդեն 1 մլրդ 360 մլն դրամ է արդեն գործադիրը հատկացրել Հայաստանի տարբեր մարզպետարաններին բռնի տեղահանված անձանց առաջնային խնդիրների լուծման համար: 100 000 դրամ միանվագ աջակցության համար կառավարությունը գրեթե 10 մլրդ դրամ է հատկացնելու, որից 8 մլրդ դրամն արդեն իսկ հատկացրել է: Իսկ բնակարանների վարձակալության փոխհատուցման գումարը առաջիկա 6 ամսվա համար (հոկտեմբեր-մարտ), կազմում է 27 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 38 մլրդ 360 մլն դրամ է գործադիրը հատկացնելու, որը գրեթե 100 մլն դոլարի չափ է:
Կրթության ոլորտին վերաբերող կառավարության որոշումները վերաբերել են բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովմանը և ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը: Մանրամասնելով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում վերջին տվյալներով ընդգրկված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13 320 երեխա, այդ թվում՝ Երևանում՝ 4202, Կոտայքում՝ 2310, Արարատում՝ 1853 և ավելի փոքր բաշխվածությամբ հանրապետության մյուս մարզերում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման մասով, նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳՄՍ նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչներին պարզեցված ընթացակարգերով ընդունվել աշխատանքի: Նախարարության կողմից հավաքագրվել են հանրապետության բոլոր դպրոցներում առկա թափուր հաստիքները, որոնք տեղակայված են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Տեղեկատվական համակարգում ստեղծված բազայի միջոցով, որը կհրապարակիվի հոկտեմբերի 16-ից հետո, ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել որպես ուսուցիչ: Ներկայացված դիմումի հիման վրա, ուսուցիչները կարող են աշխատանքի անցնել իրենց կողմից ընտրված դպրոցում: Ուսուցչի հետ կկնքվի պայմանագիր 2 ուսումնական տարով: Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձի 30 տոկոս չափով հավելավճար, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքների դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները բացի 30 տոկոս հավելավճարից, կստանան 50 000 դրամ լրացուցիչ հավելավճար: Այս պահի դրությամբ, ըստ Արաքսիա Սվաջյանի, շուրջ 500 ուսուցիչ հայտագրվել է աշխատանքի համար:
Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է մանրամասներ կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշման մասին, որը վերաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը: Այսպիսով՝ կրթաթոշակով կապահովվեն բռնի տեղահանված այն ուսանողները, ովքեր տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում: Կրթաթոշակը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր կտեղափոխվեն համապատասխան մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ:
Նազելի Բաղդասարյանը վերջում հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 55 երեխա է ծնվել՝ 24 երեխա Երևանում և 31 երեխա մարզերում: