երեքշաբթի, 22 փետրվարի 2005
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Զեկուցվել է, որ հաշվի առնելով հոբելյանական ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ արված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, ամփոփվել են քննարկման արդյունքները, մշակվել է ծրագրի ամբողջական տարբերակը:
Ի կատարումն հանձնարարականի, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը ներկայացրել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հոբելյանական երեկոյի, Մեսրոպ Մաշտոցի վերադարձը հայրենիք պատկերող «Գրոց երթ» թատերականացված ներկայացման, Օշականում Թարգմանչաց օրվա և մի շարք այլ զանգվածային մշակութային միջոցառումների սցենարները: Հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են նաև ծրագրով նախատեսված երկու տասնյակից ավելի հոբելյանական այլ միջոցառումները, այդ թվում՝ հայագիտական միջազգային գիտաժողովի, գիտաստեղծագործական համաժողովի, Ասմունքի հանրապետական փառատոնի, «Տեղեկատվական տեխնոլոգիաները և հայ գրերը» թեմայով էլեկտրոնային գիտաժողովի, Հայ գրերի ցուցահանդեսի կազմակերպում, Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի (4 լեզուներով), գրերի գյուտին նվիրված Հրաչյա Աճառյանի աշխատության, «Ձոն հայոց լեզվին» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի հրատարակում, Երևանի Նորքի 2-րդ զանգվածում «Գրոց պարտեզ» այգու հիմնում և այլն:
Նիստում զեկուցվել է, որ ԼՂՀ կառավարությունը ևս որոշում է ընդունել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարության միջոցառումների անցկացման մասին, հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կազմը: Ըստ մշակված ծրագրի, Արցախում կկազմակերպվեն Ամարասի դպրոցի և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառումներ, միջազգային գիտաժողով, հայերեն և ռուսերեն կհրատարակվի «Արցախի կրթական կյանքի 1600-ամյա տարեգրությունը» աշխատությունը: Տեղի կունենան նաև գիտական ու մշակութային այլ միջոցառումներ:
ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը ներկայացրել է Ջավախքում անցկացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում են, մասնավորապես, Վրաստանի հայկական դպրոցներում գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված շաբաթի, Թբիլիսիում «Մեսրոպյան գրերի գյուտը» խորագրով վիրահայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի, Ախալքալաքում հոբելյանական հանդիսավոր երեկոյի կազմակերպում, Ջավախքի դպրոցների պատմությանը նվիրված գիտական ժողովածուի հրատարակում և այլ միջոցառումներ:
Նիստում հաստատվել է նաև Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի հոբելյանական խորհրդանշանը:
Միջոցառումներին զուգահեռ հանձնաժողովը քննարկել է դրանց ֆինանսական ապահովման խնդիրները, առանձին միջոցառումների համար տրվել են համապատասխան հանձնարարականներ: