չորեքշաբթի, 23 փետրվարի 2005
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովին ներկայացվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ նիստում հաստատելու նպատակով, մինչ այս՝ հանձնաժողովի անդամներին է տրամադրվել 90-ամյակի միջոցառումների ծրագրի լրամշակված տարբերակը: Վերջինս ընդգրկում է բազմաբնույթ միջոցառումների շարք՝ նախատեսված իրականացնելու ամբողջ տարվա ընթացքում: Ծրագիրը կմեկնարկի ապրիլին՝ Հայոց ցեղասպանությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «21-րդ դարն առանց ցեղասպանությունների» նշանաբանով միջազգային խորհրդաժողովով: Միջոցառումներ են նախատեսված նաև Արցախում, սփյուռքի հայաշատ համայնքներում, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած որոշ երկրներում:
Ի կատարումն հանձնարարականների, հստակեցվել է նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ հրատարակվելիք գրքերի ցանկը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված քարոզչություն կազմակերպելու նպատակով ձևավորվել է քարոզչական աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Նիստում քննարկվել են նաև նախատեսված միջոցառումների ֆինանսական ապահովման խնդիրները:
Քննարկումից հետո, նկատի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները, հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: