չորեքշաբթի, 2 մարտի 2005
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Քննարկվել է Հազարամյակի մարտահրավերների ծրագրի շրջանակում ամերիկյան կառավարությանը ներկայացվելիք հայաստանյան ծրագրի առաջարկության վերանայված, լրամշակված տարբերակի նախագիծը, որտեղ նշված են ծրագրի նպատակները, նկարագիրը՝ ըստ գերակա ուղղությունների, խորհրդակցական գործընթացը և ինստիտուցիոնալ շրջանակը: Ծրագրի նախագծի նպատակներում նշվում է, որ կառավարությունը ներկայացնում է իր այն մոտեցումները, որոնք ձևավորվել են քաղաքացիական հասարակության, մասնագետների և բիզնես կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ինտենսիվ խորհրդակցությունների գործընթացում՝ Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի աջակցության համար առաջարկվող ուղղությունների վերաբերյալ: Ընդգծվում է, որ հայաստանյան առաջարկության մոտեցումները մշակվել են այն տնտեսական և սոցիալական զարգացումների գերակայությունների հիման վրա, որոնք ամրագրված են 2003թ. օգոստոսին կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետին զեկուցվել է, որ Հայաստանի առաջարկի ներկայիս տարբերակում բավականին մանրամասն ներկայացված են նախատեսվող աշխատանքների նախագծերը՝ իրենց հստակ հիմնավորումներով: Մեծ տեղ է հատկացված գյուղական աղքատության կրճատման խնդիրներին և իբրև դրա առաջին գերակայություն, նշվել է գյուղատնտեսության ոլորտում կայուն աճի խրախուսումը: Կարևոր բաղադրիչներից մեկն էլ, ըստ նախագծի, համայնքային ճանապարհային ցանցի բարելավումն է՝ որպես համայնքային տնտեսական զարգացման արագացման միջոց: Այս բաղադրիչի հետ կապված եզրակացության մեջ նշվել է, որ թերզարգացած համայնքային ճանապարհային ցանցը բարձրացնում է տրանսպորտային ծախսերը: Այս հանգամանքը, ոռոգման համակարգում եղած խնդիրների հետ մեկտեղ, ազդում է գյուղատնտեսության ոլորտում առևտրայնացման և դրամայնացման ցուցանիշների վրա և հանդիսանում դրանց ցածր մակարդակը պայմանավորող հիմնական պատճառը: Վերոհիշյալ ծրագրի բաղադրիչների իրականացման ուղղակի շահառուները, նախագծի համաձայն, կլինեն մոտավորապես թվով 50 հազար մասնավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք հնարավորություն կունենան բարձրացնել իրենց ոռոգելի հողերի արտադրողականությունը: Որպես հավելյալ հետևանք՝ ներկայացվում է աճող գյուղատնտեսական ճյուղի անուղղակի ազդեցությունը գյուղական աշխատատեղերի ստեղծման վրա:
Քննարկման արդյունքում տրվել են որոշակի հանձնարարականներ՝ այդ թվում, ծրագրի նախագիծը, ըստ ժամանակացույցի, վերջնական տեսքի բերելուց հետո, այն հրապարակելու վերաբերյալ: