երկուշաբթի, 25 դեկտեմբերի 2023
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել երևանցի լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման միջոցառմանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել երևանցի լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման միջոցառմանը: Այն անցկացվում է երկրորդ անգամ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:
2023 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել և արժանացել են 3 մլն ՀՀ դրամ խրախուսման հավաստագրի: Մեկական միլիոն դրամ մրցանակի են արժանացել նաև մարզիչները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 50 մլն ՀՀ դրամ:
Յոթ մարզաձևերում՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, հրաձգություն, բռնցքամարտ և սամբո պարգևատրվել և խրախուսվել են նաև Երևանի առաջատար երիտասարդ 10 մարզիկները:
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած մեծ ավանդի, ոլորտի զարգացմանը միտված բազմամյա գործունեության համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման, երկարամյա մարզչական արդյունավետ գործունեության և աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բնագավառում ձեռք բերած զգալի հաջողությունների և ներդրած ավանդի համար աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանն էլ պարգևատրվել է Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ այս տարի հայ մարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են ընդհանուր 445 մեդալ: Ըստ նրա՝ թեև տարին դեռ չի ավարտվել, սակայն կարելի է արձանագրել, որ այն 40 տոկոսով գերազանցել է 2022 թվականի ցուցանիշը: Փոխնախարարի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղով և մեր մարզիկներն իրենց քրտնաջան մարզումներով կարողանում են ծածանել եռագույնը: