չորեքշաբթի, 6 մարտի 2024
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետն անդրադրաձել է կանաչ և դիմակայուն ապագա կառուցելու տեսանկյունից ջրային ռեսուրսների կայուն կառավարման առանցքային նշանակությանը՝ հատկապես ընդգծելով դրա կարևորությունը կլիմայական փոփոխությունների և դրա արդյունքում ի հայտ եկող նոր խոցելիությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակի վերանայման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների և մոտեցումների որդեգրմամբ:
Քննարկման ընթացքում կարևորվել է միասնական ջրային ռազմավարության կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ հայեցակարգային քննարկումներում միջազգային գործընկերների և այլ շահակիրների ակտիվ ներգրավվածությունը՝ գործընկեր կառույցների ֆինանսական, տեխնիկական և գիտելիքային աջակցությունը ջրային համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: