երկուշաբթի, 7 մարտի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ նաև առօրեական դժվարությունները անտրտունջ ձեր ուսերին վերցնելու, մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը համբերությամբ իրագործելու համար:
Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն ունենալու պետական կառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն և տոնական բարձր տրամադրություն: