ուրբաթ, 22 մարտի 2024
Փոխվարչապետը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին:
Փոխվարչապետը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և մաղթել հաջողություններ: Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել կոմիտեի գործունեությունը ՀՀ կառավարության ընդհանուր աշխատանքների կազմակերպման համատեքստում: «Մենք բազմաթիվ կարևոր ծրագրեր ունենք, որոնք շատ դեպքերում ուղիղ, բայց հաճախ նաև անուղղակի կախված են այն արդյունավետությունից, որը Քաղաքաշինության կոմիտեն դրսևորում է իրեն վստահված ուղղություններով: Վերջին տարիների ընթացքում կառավարության ծրագրերում գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես սոցիալական ենթակառուցվածքների ուղղությամբ կատարվող ներդրումները: Այդտեղ մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Եվ այդ ուղղությամբ անելիքների առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել»,- ասել է փոխվարչապետը:
Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել կատարվող աշխատանքների ծավալի էական փոփոխություն, ինչին զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն պետք է շարունակաբար բարելավի աշխատանքների որակին ներկայացվող պահանջները: Կոմիտեն պետք է ապահովի, որպեսզի քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունների իրականացրած աշխատանքները լինեն ներկայացվող պահանջներին համապատասխան և պահանջի, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքն առավելագույն չափով արձագանքի սպառողների շահերին, լինի պատշաճ և տեղին: «Այս տեսանկյունից, կարծում եմ, որ մենք մեծ անելիք ունենք համատեղ աշխատանքներում և վստահ եմ, որ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմն էլ ունի բավարար փորձ և կարողություններ այդ խնդիրները Ձեզ հետ համագործակցաբար լուծելու համար», -ասել է Տիգրան Խաչատրյանը:
Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին՝ կատարած աշխատանքի համար:
Իր հերթին, Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նորանշանակ կոմիտեի նախագահն ընդգծել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել առաջնորդողի դերակատարում հարազատ մասնագիտական ոլորտում: Սա նաև մասնագիտական պատվի հարց է՝ արձանագրել հաջողություն մեր գործընկերների հետ միասին և Կառավարության աջակցությամբ բարձր արդյունավետությամբ իրականացնել այն նախանշված խնդիրները, որոնք դրվել են Քաղաքաշինության կոմիտեի առջև: Ուզում եմ վստահեցնել, որ որակի պահանջի նկատմամբ որևէ կոմպրոմիս չի լինելու, ամենայն ուշադրությամբ հետևելու ենք որակին՝ ոչ միայն շինարարության, այլև նախագծման առումով: Դրան զուգահեռ իրականացնելու ենք նաև ստանդարտների, նորմերի լրամշակում և տեղայնացում, որը կձևավորի այն միջավայրը, որտեղ արդեն մարդու գործոնից կախված հնարավորինս քիչ խնդիրներ կլինեն, և համակարգը կաշխատի ավելի մեծ արդյունավետությամբ: Ուզում եմ նաև շեշտել, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու թվայնացման գործընթացի վրա: Նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացման համակարգի ներդրման պլաններ են նախագծվում, և առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ»: