շաբաթ, 27 ապրիլի 2024
Քաղաքացու օրվա առթիվ անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Օրվա խորհրդի համաձայն՝ ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են մշակութային տարաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ:
ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում ձևավորված 85 հարթակներում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք:
Օրվա ընթացքում մշակույթի, սպորտի, կրթության և գիտության բնագավառների մի շարք անվանի գործիչներ, քաղաքացիական հասարակության, պետական կառավարման համակարգի տարբեր ներկայացուցիչներ հանդիպել են պատանիների և երիտասարդների հետ:
Բանախոսության և դրան հաջորդող հարցուպատասխանի ժամանակ նրանք խոսել են քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, ակտիվ քաղաքացիական կեցվածքի մասին` երիտասարդներին ներկայացնելով պետության, հայրենիքի, քաղաքացու իրենց պատկերացումները:
Այս ձևաչափով կազմակերպված հանդիպումների հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, ինչպես նաև անկախություն, ինքնիշխանություն, պետականություն, քաղաքացիություն և քաղաքացիական հասարակություն հասկացությունների արժևորումն ու վերարժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի զարգացումը` միաժամանակ լսելով նաև երիտասարդների տեսակետը։
Քաղաքացու օրվա շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի են ունեցել «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական և հրավիրյալ խմբերի մասնակցությամբ:
Գավառում մշակութային միջոցառումներին մասնակցել են նաև նախընթաց տարիների երիտասարդական մայրաքաղաքների ստեղծագործական խմբերը, այդ թվում՝ Հրազդանից և Չարենացավանից։ Օրվա ընթացքում հանրակրթական դպրոցների սոցիալական հարթակներում կամ կայքերում հրապարակվել են «Հայրենիքը պետություն է» խորագրով նախագծային աշխատանքները, որոնք աշակերտներն իրականացրել են` ուսումնասիրելով իրենց բնակավայրերը, պատմությունը, ավանդույթները, մշակույթը: Դպրոցականների պատրաստած ուսումնական նախագծերը ներկայացվել են տեսանյութերով, որոնք հրապարակվել են #Հայրենիքըպետությունէ
#Քաղաքացուօր2024 նշիչներով։