չորեքշաբթի, 16 մարտի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հասան Ալ-Ատրաշին, որը Հայաստանում է գտնվում մեր երկրի և ԱՄՀ-ի միջև գործակցության երկրորդ՝ եռամյա ծրագրի հետ կապված քննարկումների նպատակով:
Նշելով, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն արդեն իսկ զեկուցել է հիմնադրամի ներկայացուցիչների հետ անցկացված քննարկումների արդյունքների մասին, վարչապետն անդրադարձել է ԱՄՀ-ի հետ ստորագրվելիք 2005-2008թթ. տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրի նախագծին: Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մինչ այժմ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրագործվելիք նոր ծրագիրը նպատակաուղղված կլինի առկա ձեռքբերումներն ամրապնդելուն՝ հիմքում դնելով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:
Զրուցակիցները նշել են, որ նոր ծրագիրը կհենվի 2004թ. դեկտեմբերի 31-ին ավարտված նախորդ ծրագրի շրջանակներում արձանագրված լուրջ առաջընթացի վրա: Ուշադրությունը կկենտրոնացվի մակրոտնտեսական կայունության պահպանման ուղղությամբ, ինչը կիրականացվի շրջահայաց դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների և ֆինանսական հատվածի բարեփոխումների միջոցով, որոնք կարևոր են տնտեսական աճ պայմանավորող ներդրումների և աղքատների համար բարենպաստ ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներպետական լրացուցիչ միջոցներ ներգրավելու, ինչպես նաև մասնավոր հատվածի գործունեությանը սատարելու տեսակետից:
Հանդիպմանը ԱՄՀ առաքելության ղեկավար Հասան Ալ-Ատրաշին շնորհավորել է Անդրանիկ Մարգարյանին՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող տնտեսական արդյունավետ քաղաքականության կապակցությամբ: Մասնավորապես, վերջին տարիներին արձանագրված Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը համարելով տպավորիչ, նա նշել է, որ իրականացվող տնտեսական համահունչ քաղաքականության հետևանքով որոշակիորեն կրճատվել է աղքատությունը: Հասան Ալ-Ատրաշին ընդգծել է, որ Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը ԱՄՀ-ի կողմից համարվում է օրինակելի:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ տարվա բյուջեի կատարման, ծրագրված ցուցանիշների ապահովման ընթացքին, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման խնդիրներին, բարեփոխումներին, գործարար միջավայրի հետագա բարելավմանը և այլ խնդիրների:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ԱՄՀ առաքելության ղեկավար Հասան Ալ-Ատրաշը նշել են, որ լավատես են գործակցության նոր ծրագրի իրագործման վերաբերյալ, որի արդյունքում Հայաստանը ևս մի քայլ կկատարի աղքատության կրճատման, բնակչության կենսամակարդակի բարելավման ուղղությամբ: