Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 օգոստոսի 2024

Գործադիրը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը










Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Գործադիրը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը: «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ առաջարկվում է որոշման ընդունումից հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրել սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։ Ընդ որում՝ աջակցությունը չի տրամադրվում՝ ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից գյուղատնտեսական կենդանիների գնումներ չիրականացնող) սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի մասով, խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։

Որոշման ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծի շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար, կավելանան սպանդանոցների կողմից մսեղիքի իրացման շրջանառության ծավալները և կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի մատակարարման գործընթացը։

Տիգրան Խաչատրյանը, մանրամասնելով, ընդգծել է, որ այս որոշման ընդունումը կարևոր է ոչ միայն սննդի անվտանգության, այլ նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության, հարկային կանոններին համապատասխանության տեսանկյունից: «Մենք ունենք հարկման ռեժիմների տարբերության պատճառով ձևավորված այնպիսի իրականություն, որ այդ տնտեսվարողների համար ավելի շահեկան է չխոշորանալը»,-ասել է փոխվարչապետը և նշել, որ այս եղանակով փորձ է արվում հարկման ռեժիմների տարբերությունը նվազեցնել կամ գործնականում բացառել: «Այս որոշմամբ կառավարությունն ասում է, որ սպանդանոցային տնտեսությունների վճարած յուրաքանչյուր 400 դրամ ավելացված արժեքի հարկից 300 դրամը պետական բյուջեից կվերադարձվի այդ սպանդանոցային տնտեսություններին: Այսինքն՝ մենք այդպիսով յուրաքանչյուր կգ մսի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկին միայն 100 դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն՝ այդպիսով գործնականում հավասարեցնելով այն հարկման բեռը, որը կա շրջանառության հարկ վճարողների և ավելացված արժեքի հարկ վճարողների միջև»,-ընդգծել է Տիգրան Խաչատրյանը և հավելել, որ այս աջակցության ծրագրի համար երկար ժամկետ է սահմանվել՝ մինչև 2027 թվականի ավարտը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին երկարաժամկետ գործունեություն պլանավորել առանց մտավախության, որ վեց ամիս հետո կրկին կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում:

Բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների նպատակով

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման մեջ: Որոշման ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվի բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, իսկ պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավելու լրացուցիչ վարկեր՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար։ Բացի այդ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի և խաղողի լրացուցիչ գնումներ կատարելու նպատակով մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պայմանագրեր և ապահովելու դրանց արժեքի վճարումները։

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է. «Այս սուբսիդավորումը մթերող կազմակերպություններին կատարվում է այն դեպքում և այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես՝ խաղողը։ Մենք, իհարկե, ունենք նաև վիճակագրություն և կարող ենք ասել, որ այս աջակցության շահառուները ներգրավված վարկային միջոցների 80 տոկոսից ավելին օգտագործում են խաղողի մթերումների ժամանակ։ Եվ կարևոր է, որ մենք այս որոշումը կայացնում ենք այս ամսվա ընթացքում՝ օգոստոսի սկզբին, որովհետև չնայած նրան, որ մթերումներն հիմնական ծավալով կմեկնարկեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, բայց տնտեսվարող սուբյեկտները կարող են այս կայացվող որոշման շրջանակում պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերեն և դիմել կառավարության աջակցության համար»:

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի

Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը: Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է ստեղծել կազմակերպություն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 ուղեցույցի համաձայն։ Վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև (առաջարկվող տեխնոլոգիաների փաստաթղթերը մեծածավալ են՝ մի քանի հազար էջ, և առնչվում են բազմաթիվ մասնագիտական ոլորտների հետ), որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Հաշվի առնելով ԱԷՄԳ-ի ուղեցույցը՝ նմանատիպ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների (էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, բնապահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն) բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ: Հաշվի առնելով աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման փուլը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 200,000,000 դրամ, որը բաժանված է 20000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Համապատասխան իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար

Կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով: Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար: Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:

Կվերակառուցվեն «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է կնքել «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Որոշման շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։ Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում, սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարության որոշմամբ, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացվեն: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13,800.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում: Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2024 թվականի մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսները՝ ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Գործադիրը որոշում է կայացրել օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարման ազատման դեպքերի մասով

Համաձայն ՀՀ կառավարության 22.11.2012թ. № 1469-Ն որոշման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն, տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:

Կշարունակվի Երևան քաղաքի թվով 28 փողոցներում լուսավորության հետ կապված աշխատանքների իրականացումը

Կառավարությունը որոշում է կայացրել, որը պայմանավորված է «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «12003. Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «42001. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678,083.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի ապահովվի Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը 2024թ. ընթացքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի թվով 28 փողոցներում լուսավորության հենասյուների փոխարինման/ամրացման, առկա վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացման, առկա լուսատուները LED տիպի լուսատուներով փոխարինման աշխատանքների իրականացումը: 2024 թվականին իրականացվելիք աշխատանքները ամբողջական ծրագրի իրականացման մասնաբաժնում նախատեսվում է որ կկազմեն 31 %:

Կկիրառվի dev-fs.amis.am էլեկտրոնային համակարգը օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության համար

Գործադիրը որոշում է կայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված հավելվածում: Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը համաշխարհային գործընթացներին համապատասխան դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն: Զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ և պահանջներ են առաջադրում կրթության որակի բարձրացման համար: Հետևաբար, առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը հնարավորություն կընձեռի ներգրավել օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը, ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը, իսկ նույն համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն ՀՀ ուսումնական հաստատությունները, տեսանելի կդարձնեն նրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում, կբարձրանա Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ