երեքշաբթի, 10 սեպտեմբերի 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար:
Փոխվարչապետը և դեսպանը ընդգծել են Արգենտինայում հայկական համայնքի գործունեության կարևորությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից: