ուրբաթ, 18 մարտի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արձանագրելով վերջին տարիներին Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, կողմերն ընդգծել են, մասնավորապես, քաղաքական ոլորտում, այդ թվում միջազգային կազմակերպություններում արդյունավետ գործակցության, ստեղծված իրավապայմանագրային հարուստ բազայի, տարբեր մակարդակի փոխայցելությունների դերը այդ հարաբերությունների հետագա խորացման գործում: Կարևորելով փոխգործակցությունը ինչպես խորհրդարանների, այնպես էլ կառավարությունների մակարդակով, Անդրանիկ Մարգարյանը և Վլադիմիր Կոնոպլյովը գոհունակությամբ նշել են նաև վերջին տարիներին հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը, ըստ որի, չնայած տրանսպորտային դժվարություններին, 2004թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 115.7 տոկոս: Դրանում, նրանց կարծիքով, մեծ է 1999թ. ստեղծված Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի դերը, որն արդեն 6 նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հարցեր: Կողմերի հավաստմամբ, հանձնաժողովի գործունեության շնորհիվ արդյունավետ կապեր են հաստատվել երկու երկրների համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, առևտրաարդյունաբերական պալատների միջև: Փոխգործակցությունը հաջողությամբ է ընթանում նաև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում: Միաժամանակ, զրուցակիցներն ընդգծել են հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության բնագավառում դեռևս չօգտագործված հնարավորությունների առկայությունը:
Բելառուսի խորհրդարանի ղեկավարը տպավորիչ է համարել 1999-ին իր առաջին այցից հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանում իրականացված դրական փոփոխությունները, որոնք, ըստ նրա, զգալի են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Նա նշել է, որ իր երկրում ևս սպասում են ՀՀ վարչապետի՝ այս տարվա մայիսին կայանալիք երկրորդ պաշտոնական այցին, որի ընթացքում, նրա համոզմամբ, Անդրանիկ Մարգարյանը կհավաստիանա, որ 2000թ. իր առաջին պաշտոնական այցից հետո նույնքան տպավորիչ փոփոխություններ են կատարվել նաև Բելառուսում: Անդրանիկ Մարգարյանը և Վլադիմիր Կոնոպլյովն ընդգծել են, որ բարձր մակարդակի նման փոխադարձ այցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկու պետությունների ու ժողովուրդների միջև համագործակցության ու բարեկամության հետագա զարգացմանը: