ուրբաթ, 18 մարտի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Գիտության — առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2005-2006թ. ընթացքում ՀՀ գիտական գրականության կարիքների անհատույց բավարարում», «Աջակցություն Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքի գործունեությանը», ՀՀ ԳԱԱ Բժշկական գենետիկայի կենտրոնում և Երևանի ֆիզիկայի ինստիտուտում իրականացվող ծրագրերը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ներկայացված և նիստում հաստատված ծրագրերով կիրականացվեն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Այգեստան և Իվանովո փողոցների ջրագծի վերանորոգման նախագծման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ստեփանակերտ - Կարմիր Շուկա առաջին 9 կմ հատվածի, Կարմիր Շուկա-Հադրութ 10-20 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության, ինչպես նաև Հադրութ քաղաքում Արթուր Մկրտչյան և Շմավոնի փողոցների բարեկարգման նախագծա-նախահաշվային և հետախուզական աշխատանքները:
«Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2005-2008թթ. իրականացվող ծրագրով նախատեսվում է աջակցել ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկատանը, ծերերին, փախստականներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն անապահով ընտանիքներին» ծրագրով ամենամսյա սնունդ, հագուստ և բուժօգնություն կհատկացվի Երևանի և ՀՀ մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: Հանձնաժողովը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման նախագծային և շինարարական աշխատանքների ծրագիրը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 16 ծրագրեր: