երեքշաբթի, 22 մարտի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսելին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ, նշելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկայիս բարձր մակարդակը, կողմերը վստահություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Հայաստան և երկու երկրների նախագահների կողմից Հայաստանում Ռուսաստանի Դաշնության տարվա պաշտոնական բացումը նոր խթան կհանդիսանա այդ հարաբերությունների հետագա խորացման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ նահանգապետ Էդուարդ Ռոսելի այցը կնպաստի հատկապես Հայաստանի և Ռուսաստանի առանձին վարչական սուբյեկտների միջև փոխգործակցության զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավապայմանագրային հարուստ բազան, որն ընդգրկում է ստորագրված ավելի քան 160 միջպետական ու միջկառավարական փաստաթղթեր, հնարավորություն է տալիս համագործակցությունը զարգացնել ամենատարբեր ոլորտներում: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը առևտրատնտեսական ակտիվ համագործակցություն է հաստատել ՌԴ 25 վարչական սուբյեկտների հետ, արդեն իսկ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ-ի և Լենինգրադի, Սարատովի, Աստրախանի, Կիրովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Մոսկվայի կառավարության միջև: Մտադրությունների վերաբերյալ արձանագրություններ են ստորագրվել Սամարայի մարզի և Արարատի ու Գեղարքունիքի մարզերի միջև. «Մեր երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է և դա շնորհիվ նաև առանձին վարչական սուբյեկտների միջև հարաբերությունների հաստատման և ամրապնդման», - ասել է վարչապետը:
Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսելն ընդգծել է, որ ինքը Հայաստան է եկել որպես հին բարեկամ, ով մեր երկրի համար դժվարին տարիներին մասնակցել է նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքներին: Նա դրականորեն է արտահայտվել իր ղեկավարած մարզի հայկական մեծաթիվ համայնքի, տեղի գործարար հայերի ասոցիացիայի, Հայաստանի հյուպատոսության հնարավորությունների վերաբերյալ՝ երկկողմ ավանդական կապերն ու բարեկամությունը վերականգնելու, համագործակցության մեջ նոր առաջընթաց արձանագրելու համար: Այնուհետև նա վարչապետին է ներկայացրել Սվերդլովսկի մարզի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նշելով, որ այն առաջինն է Ռուսաստանի Դաշնությունում, որը մշակել և իրականացնում է երկարատև զարգացման ծրագիր և դրա կարևոր բաղադրիչներից է համարել համագործակցության խթանումը հարևան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և նրա մարզերի հետ: Նմանատիպ գործակցության հաջող օրինակներ, ըստ նրա, արդեն կան մի շարք երկրների հետ: Էդուարդ Ռոսելն առաջարկել է հայկական կողմի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով, Սվերդլովսկի մարզում հիմնել հայկական առևտրի կենտրոն, կազմակերպել հայկական արտադրանքի ցուցահանդեսներ, ստեղծել համատեղ ձեռնարկություններ, հրավիրել է մասնակցելու մարզում ամեն տարի անցկացվող միջազգային տնտեսական համաժողովներին: Այդ ամենի իրականացման համար, նա առաջարկել է նաև ստեղծել աշխատանքային խումբ, կողմերի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ համապարփակ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման նպատակով:
Ընդունելի համարելով նահանգապետի առաջարկները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանք նաև Հայաստանի կառավարության կողմից որդեգրված զարգացման ուղղություններն են: Պաշտպանելով, մասնավորապես, տնտեսության, առևտրի, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության որոշակի միջոցառումներ ու ծրագրեր նախատեսող միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը, վարչապետը նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո այդ ծրագրերի իրագործման փուլում կարելի է օգտագործել նաև Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատների, Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի, գործարարների միությունների հնարավորությունները:
Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը բարձրացրել է նաև Սվերդլովսկի մարզում ՀՀ քաղաքացիների համար աշխատանքային քվոտաների ավելացման խնդիրը: Էդուարդ Ռոսելը խոստացել է քննարկել այդ հարցը:
Հանդիպումից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նահանգապետ Էդուարդ Ռոսելը ստորագրել են Արձանագրություն՝ ՌԴ Սվերդլովսկի մարզի պաշտոնական պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի արդյունքների վերաբերյալ: Փաստաթղթում նախանշված են կողմերի միջև առևտրատնտեսական, արդյունաբերական և հումանիտար համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև դրանց իրականացման նպատակով միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: