հինգշաբթի, 24 մարտի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ: Քննարկվել է նախորդ նիստում տրված հանձնարարականների, ինչպես նաև 2005թ. անցկացվելիք համահայկական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը: Ծրագիրն ընդգրկում է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և այլ ոլորտներին առնչվող շուրջ մեկ տասնյակ միջոցառումներ: Նշվել է նաև, որ համահայկական ընդգրկում կունենան Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումները ևս: Զեկուցվել է, որ ի կատարումն նախորդ նիստի հանձնարարականների, պատասխանատու մարմիններն ու կազմակերպությունները կառավարություն են ներկայացրել իրենց կողմից իրականացվելիք միջոցառումների ծրագրերը՝ նշելով իրականացման ժամկետներն ու ֆինանսական ծախսերի նախահաշիվները: Կարևորելով համահայկական միջոցառումների մասնակիցների հետ մշտական կապի պահպանումը՝ արտաքին գործերի նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվել հատկապես սփյուռքահայ մասնակիցներին ՀՀ դեսպանությունների շուրջը համախմբելու և նրանց ներուժը համահայկական նպատակների իրականացմանը ծառայեցնելու համար: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ վարչապետի մոտ հրավիրվել է ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի նիստ՝ Համահայկական երիտասարդական հիմնադրամի և «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ 2005թ. համահայկական միջոցառումների շրջանակներում նախատեսված երիտասարդական ծրագրերը քննարկելու նպատակով:
Նիստում նշվել է նաև, որ մի շարք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Մասնավորապես, Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված համահայկական միջոցառումների ծրագիրն ուրվագծվել է ՀՀ վարչապետի նախագահությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում և ներկայումս լրամշակման փուլում է: Կառավարության այսօրվա նիստում որոշումներ են ընդունվել համահայկական խաղերի համաշխարհային կոնգրեսի, բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի համահայկական առաջնության անցկացման վերաբերյալ, հաստատվել է վերջինիս նախապատրաստման կազմկոմիտեի կազմը:
Այնուհետև, կազմկոմիտեն քննարկել է նախորդ նիստի հանձնարարականի համաձայն ներկայացված 2005թ. Հայաստանում անցկացվելիք համահայկական միջոցառումների ցանկը և ժամանակացույցը, ըստ որի՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի համահայկական երկրորդ օլիմպիադան, երիտասարդության և ուսանողության «Բազե» համահայկական փառատոնը, համահայկական երիտասարդական երրորդ համաժողովը, «Եղեգան փող» համահայկական երաժշտական փառատոնը, հայ ոսկերիչների միության ֆորումը, հայ ստոմատոլոգների հինգերորդ միջազգային կոնգրեսը և մյուս միջոցառումները տեղի կունենան հունիսից հոկտեմբեր ընկած ամիսներին: