չորեքշաբթի, 20 նոյեմբերի 2024
Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստին ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պետական կառավարման համակարգի մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անդրադարձ կատարելով ս.թ. հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին՝ մասնակիցները քննարկել են ճանապարհային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական միտումների և պատճառների, ճանապարհների հարակից հատվածներում առկա և երթևեկությանը խոչընդոտող օբյեկտների, ինչպես նաև ճանապարհային նշանների, գծանշումների և տեղեկատվական նշանների կանոնակարգումների վերաբերյալ։
Մասնակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ տարբեր ձևաչափերով արձանագրված խնդիրների և դրանց լուծման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքների վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային անվտանգության համակարգի բարելավմանն ու կառավարմանն առնչվող այլ հարցեր, որոնց առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Ամփոփելով քննարկումը՝ Տիգրան Խաչատրյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցության ձևաչափով աշխատանքների իրականացման շարունակականությունը՝ խնդիրների բացահայտման և արդյունավետ հասցեագրման նպատակով: