երկուշաբթի, 9 դեկտեմբերի 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովի բացմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին և մաղթել արդյունավետ քննարկումներ:
«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Մենք հավատարիմ ենք Կառավարության ծրագրում սահմանված հետևյալ դրույթին՝ «Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները»:
2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված և կանոնակարգված ձևով»,- ասել է փոխվարչապետը` շնորհակալություն հայտնելով բոլոր գերատեսչություններին և անձանց, ովքեր իրենց առօրյա աշխատանքով իրապես պայքարում են, որպեսզի ունենանք կոռուպցիայից ազատված հասարակություն:
Փոխվարչապետն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակման և անհրաժեշտ գործողությունների իրականացման կարևորությանը, ինչպես նաև ընդգծել հանրային կառավարման բարեփոխումների դերը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: