երկուշաբթի, 28 մարտի 2005
Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 55-ամյակի առիթով այսօր ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այցելել է Եռաբլուր՝ Աշոտ Նավասարդյանի շիրմին, իսկ երեկոյան մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան համերգասրահում վարչապետը մասնակցել է այդ առիթով Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած երեկոյին: Կուսակցության հիմնադրի և գաղափարական ընկերոջ հիշատակին ասված խոսքում Անդրանիկ Մարգարյանը, մասնավորապես, նշել է.
«Այսօր մեզանից յուրաքանչյուրը վերապրում է ընկերոջ, գաղափարակցի, ազգային պետական գործչի և վերջապես իսկական հայ մարդու մասին մեր ունեցած վառ ու անջնջելի հիշողությունները: Աշոտին ճանաչողները կվկայեն, որ բոլորովին էլ դժվար չէ իր նման անհատականությունների մասին հիշողություններ փայփայելը, քանզի Աշոտի ապրած ամեն օրը մի հիշողություն էր, իմաստալից կյանք, որի գլխավոր կարգախոսը նվիրումն ու անկեղծությունն էր: Այն ճանապարհը, որի մեծ նվիրյալներից էր նաև Աշոտը, կոչվում է անկախության ճանապարհ: Այն գաղափարը, որը ոգևորում ու ապրեցնում էր Աշոտին՝ կոչվում է սեփական ժողովրդի ու պետության անկախության գաղափար: Այն նպատակը, որն ամբողջացնում էր Աշոտի գործն ու միտքը, կոչվում է ազատ, անկախ և միացյալ Հայաստան: Նախորդ դարի 60-ականներից սկսված պայքարը Աշոտի և իր գաղափարակից ընկերների համար բոլորովին էլ չավարտվեց անկախության վերահաստատումով: Այն նոր սկիզբ էր անկախ պետություն կառուցելու ճանապարհի, որ պետք է անցնեին Աշոտն ու իր զինակից ընկերները: Խորհրդային բանտերում և ճամբարներում իր երիտասարդությունն անցկացրած մարդը, հստակ գիտակցում էր, որ անկախության համար մղվող պայքարն ամրապնդելու և պաշտպանելու անհրաժեշտություն ունի: Հենց սա էլ հիմք հանդիսացավ, որպեսզի Աշոտն իր զինակից-գաղափարակից ընկերների հետ հիմնադրեր «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը, որը ազատամարտի ելած բազմաթիվ ջոկատների հետ միասին փառավոր ու հերոսական ճանապարհ անցավ՝ պաշտպանելով մեր ազգային արժանապատվությունն ու հայ մարդու՝ իր հողի վրա ազատ ապրելու իրավունքը: Զենքն ու գրիչը միավորելու կարողությամբ Աշոտն անցավ նաև պատերազմի ճանապարհով:
Ազգային պետություն ունենալու և նրան նվիրվելու մղումը ստիպեցին, որպեսզի նպատակների իրականացմանն ուղղված ջանքերը համատեղվեն մեկ ընդհանուր գաղափարախոսություն և ծրագիր ունեցող կազմակերպության շրջանակներում: Քանզի, ինչպես մեր ընկերն էր ասում՝ «...Մենք ուզում ենք, որ սկսվի պետության ու զինվորի երթ, ոչ թե վրիժառության ու ֆիդայության: Մենք ուզում ենք, որ զինվորը պայքարի ոչ թե վրիժառությունից դրդված, այլ հանուն պետության, որ նա լինի գիտակից զինվոր, պետությանն ու ժողովրդին նվիրված զավակ, քաղաքացի զինվոր»:
Ազգի և հայրենիքի հավիտենականության գաղափարի գիտակցումն ու դրան միտված գործունեության ծավալումը հիմք հանդիսացան, որպեսզի 1990թ. ապրիլի 2-ին Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ հռչակվի Հայաստանի երրորդ հանրապետության առաջին հասարակական-քաղաքական կազմակերպության՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» հիմնադրումը:
Մեր պետության ներկայի ու ապագայի համար տիրոջ իրավունքով սրտացավ վերաբերմունքն ու պատասխանատվության զգացումը պահանջում են լինել հետևողական, սկզբունքային և խստապահանջ: Այդպիսին էր Աշոտ Նավասարդյանը ինչպես կուսակից ընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ օրենսդիր աշխատանքում և նույնիսկ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մեջ: Չշեղվելով որդեգրած քաղաքական գծից՝ Աշոտի գլխավորությամբ Հանրապետականը ձեռնամուխ եղավ հայոց ազգային բանակի ու պետականաշինության գործին: Պայքարելու, արարելու և ծառացող խնդիրների լուծման համար ուղիներ փնտրելու նրա կերպարը կարծես ոգևորության, ներշնչանքի ու գործելու նոր լիցք էր հաղորդում շրջապատին, որտեղ էլ որ նա լիներ: Այսօր մեր ընկերոջ մի շարք նվիրական երազներ իրականացված են, բայց համոզված եմ, որ եթե Աշոտն այսօր էլ ֆիզիկապես մեր կողքին լիներ, երբեք չէր դադարի նոր գաղափարներով ու մղումով համալրել մեր պետության ներկայի ու ապագայի ծրագրերը: Ավաղ, մեր ընկերը շուտ հեռացավ, սակայն այն ճանապարհը, որ բախտ վիճակվեց մեզ անցնել միասին, երբեք չի խամրի մեր հիշողություններում, իսկ դեռևս չիրականացված նրա երազները սերունդների համար հզոր ու ազգային պետություն կերտելու ճանապարհին հնչելու են որպես կարգախոս:
Իհարկե, Աշոտի մասին կարելի է երկար խոսել, և մեզնից յուրաքանչյուրն, ով ճանաչել է նրան, բազում ասելիքներ ունի: Ինչպես իմ, այնպես էլ շատ ընկերների համար դժվար է խոսել Աշոտ Նավասարդյանի մասին անցյալ ժամանակով: Դժվար է նկարագրել այն, ինչ ապրել, տեսել ու ստեղծել է: Քանզի նրա գործն ու խոսքը, միտքն ու երազները դեռ երկար ժամանակ կուղեկցեն մեզ և մեր սերունդներին: Թույլ տվեք շնորհավորել բոլորիս, Աշոտ Նավասարդյան վառ անհատականության ծննդյան 55-ամյակի կապակցությամբ և վստահեցնել, որ ի դեմս Հանրապետական կուսակցության, մենք հավատարիմ ենք եղել ու կմնանք այն գաղափարներին, որոնց համար ծնվել, պայքարել ու իր կյանքն անմնացորդ նվիրել է մեր ընկերը»: