երեքշաբթի, 4 մարտի 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող կազմակերպությունների ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմը համալրած նոր անդամներին՝ վերջիններիս մաղթելով արդյունավետ աշխատանք։
Այնուհետև մանրամասն անդրադարձ է կատարվել 2024 թվականի ընթացքում Խորհրդի շրջանակներում իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ գործող իրավակարգավորումների լավարկման ուղղությամբ գրանցած արդյունքներին։ Անդրադառնալով ՓՄՁ զարգացման խորհրդի ձևաչափով պետություն-մասնավոր փոխգործակցությանը՝ Տիգրան Խաչատրյանը կարևորել է դրա արդյունքում ձևավորվող կարգավորումների ազդեցության մշտադիտարկումը՝ գործարար և ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից վերջիններիս նշանակությունը գնահատելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատաժամանակի և աշխատանքի արտադրողականության փոխկապակցվածության, ինչպես նաև հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգի անցման վերաբերյալ։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: