չորեքշաբթի, 30 մարտի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Բարձր գնահատելով Հայաստանում պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը, որն զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, վարչապետը հույս է հայտնել, որ ՌԴ նոր դեսպանի պաշտոնավարման շրջանում ևս հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն հաջողությամբ: Անատոլի Դրյուկովը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, վարչապետին՝ մեր երկրում իր առաքելությունն իրականացնելու ընթացքում ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ համատեղ աշխատանքի տարիներին քիչ բան չի արվել հատկապես Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, առանձին վարչական սուբյեկտների միջև համագործակցության հաստատման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, Հայաստանում ռուսական կապիտալի ներհոսքի և այլ ոլորտներում, ինչին, ըստ Անատոլի Դրյուկովի, նպաստել են նաև մեր երկրում ստեղծված ներդրումային մթնոլորտն ու բարենպաստ օրենսդրական դաշտը: Կողմերը նշել են, որ այդուամենայնիվ, դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա, կան որոշակի խնդիրներ, որոնք երկկողմ ջանքերով շուտափույթ լուծում են պահանջում: Անդրանիկ Մարգարյանը դրանց թվում կարևորել է, մասնավորապես, «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված հայաստանյան ձեռնարկությունների արագ վերագործարկման խնդիրը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել Անատոլի Դրյուկովին՝ նրա հետագա գործունեության մեջ: