երեքշաբթի, 5 ապրիլի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր - Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու շինարարության 2-րդ փուլի, Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցու և Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվող շինարարական աշխատանքների ծրագրերը: «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2005-2007 թթ. իրականացվող ծրագրով նախատեսվում է հիվանդների վիրահատման և հետվիրահատական բուժման պայմանների բարելավում, վիրահատարանների և վիրահատական սենյակների վերակառուցում, նոր լապարասկոպիկ վիրաբուժության վիրահատարանի ստեղծում, բժշկական սարքավորումների և կահույքի ապահովում: «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ներառական ուսուցում» ծրագրի իրականացմամբ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն նախադպրոցական, ինչպես նաև դպրոցական հաստատություններում երեխաների (ներառական) ուսուցման համար:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների՝ մասնավորապես, ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության, Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի, «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 8 ծրագրեր: