Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 ապրիլի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «2005 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև 2005թ. ապրիլ-հունիս ամիսներին գարնանային զորակոչ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերին:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում 2005թ. մարտի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի և առատ ձյան հետևանքով վնասված բազմաբնակարան և անհատական բնակելի տների, կրթօջախների վերականգնման առաջնահերթ միջոցառումներն իրականացնելու նպատակով, կառավարությունը 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային համայնքին հատկացրել է 5 մլն դրամ, Սոթքի համայնքին՝ 1.5 մլն դրամ, Նորաբակի համայնքին՝ 1 մլն դրամ, Շատվանի համայնքին՝ 800 հազար դրամ, Ջաղացաձորի համայնքին՝ 400 հազար դրամ, Կութի համայնքին՝ 800 հազար դրամ, Կուտականի համայնքին՝ 850 հազար դրամ, Կախակնի համայնքին՝ 700 հազար դրամ, Արփունքի համայնքին՝ 1 մլն դրամ և Ավազանի համայնքին՝ 1 մլն դրամ: Որոշմամբ հատկացված գումարների նպատակային օգտագործման վերահսկողությունը վերապահվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետին:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ հողային օրենսգրքում, «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնցով հստակեցումներ են կատարվել գույքային իրավունքների, հիփոթեքի սահմանափակումների, հիփոթեքի առարկայի և մի շարք այլ հասկացությունների վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ, նշված օրինագծերը համարվել են անհետաձգելի և առաջարկվել է ՀՀ Ազգային Ժողովին դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:

Գործադիրը ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 2005թ. առաջին եռամսյակի հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ տեղեկանքի, կատարման ենթակա 68 կետերից երկուսը տեղափոխվել է 2005թ. չորրորդ եռամսյակ: Ցանկում մնացած և կատարման ենթակա 66 կետերից 2005թ. ապրիլի 4-ի դրությամբ կատարվել է 51-ը կամ 77.3 տոկոսը: Չեն կատարվել նախատեսված 15 կետ կամ 22.7 տոկոսը: Կատարված 51 միջոցառումներից 15-ը, կամ 22.7 տոկոսն իրականացվել է որոշակի ուշացումով: Վարչապետն իր դժգոհությունը հայտնելով միջոցառումների ցանկի կատարման ցուցանիշներից՝ նշել է, թե հետագա եռամսյակներին առավել խիստ մոտեցում է լինելու նախարարությունների ու գերատեսչությունների նկատմամբ, և ուշացումով կատարված միջոցառումներն անգամ համարվելու են չկատարված, որին այօրվա բանավոր նախազգուշացումից հետո, հետևելու է գրավոր նկատողություն, իսկ հարկ եղած դեպքում՝ օրենսդրությամբ նախատեսված այլ պատժամիջոցներ:

Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» ծրագիրը: Դրանով հստակեցվում են ծրագրի շրջանակներում 2005թ. իրականացվելիք աշխատանքների նկարագիրը և կատարման փուլերը:

Այլ որոշումներով նիստում հաստատվել են նաև «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում», «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի գծով պետական պատվեր», «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր», «Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր», «Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական-տեղեկատվական աշխատանքների, համակարգչային ցանցի սպասարկման և զարգացման գծով պետական պատվեր» ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005թ. պետական պատվերները:

Գործադիրը հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Դրանով, ի կատարումն «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ՀՀ կառավարությանը տեխնիկական օգնություն տրամադրելու մասին» վերանայված լրացուցիչ համաձայնագրի պահանջների, առաջարկվում է Հայկական ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության իրավասությունների թվում ավելացնել նաև արտակարգ իրավիճակներում օբյեկտից դուրս գտնվող տարածքում բնակվող բնակիչների պաշտպանությանն ուղղված հակազդման պլանի մշակումը: Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը, նախորդ որոշման հետ միասին, իրավական հիմք կհանդիսանա «Միջուկային ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման կարգի» մշակման համար:

Կառավարությունը հաստատել է «Տարածաշրջանային էլեկտրաէներգիայի փոխանակում. «Ալավերդի-2» ենթակայանի վերակառուցում» վարկային ծրագրի միջազգային մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով ԱՐԵՎԱ ընկերությանը (AREVA Energietechnik GmbH (Գերմանիա), 7 մլն 350 հազար եվրո պայմանագրային գումարով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրությանը համապատասխան և հաշվի առնելով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2005թ. փետրվարի 16-ի որոշումն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) համաձայնությունը:

«Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է նշված ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Մեկ այլ որոշմամբ, առևտրի և ծառայությունների ոլորտում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն առանձնացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Երկաթուղու շարժակազմ» դուստր ՓԲԸ: Վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Սահմանվել է, որ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի՝ որպես հիմնական ընկերության, և «Երկաթուղու շարժակազմ» դուստր ՓԲԸ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերին համապատասխան:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագիր» N ARM-P1 վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ, «ՀՀ առողջապահության նախարարության և Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիոն իշխանությունների միջև կանոնավոր վերահսկողության ֆունկցիաների և պարտականությունների փոխադարձ տրամադրման մասին» պայմանագրի կնքման առաջարկություններին:

«Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա անվճար (4117 տեղ) և վճարովի (5658 տեղ) ուսուցման տեղերը՝ ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների: Սահմանվել է, որ ՀՀ պետական բուհերի 2005/2006 ուստարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա), կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը: Հանձնարարական է տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ պետական բուհերի, համայնքների ներկայացմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա համապատասխանաբար հաստատել բուհերի վճարովի հիմունքներով (առանց պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի) ուսուցմամբ հավելյալ ընդունելության տեղերը՝ ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների, կազմակերպել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 17-ի N 713 և նոյեմբերի 27-ի N 756 որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար մի շարք բուհերի մանկավարժական մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով, մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում անվճար տեղերի մինչև 30 տոկոսի չափով, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Անասնաբուժություն» և «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտություններին հատկացված տեղերի մինչև 50 տոկոսի չափով նպատակային ընդունելություններ: Որոշմամբ ՀՀ պետական բուհերի 2005/2006 ուստարվա անվճար տեղերի 10 տոկոսը, ըստ մասնագիտությունների, հատկացվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են ՀՀ միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման 2005/2006 ուստարվա ընդունելության տեղերը՝ ըստ ՀՀ նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների: Սահմանվել է, որ անվճար ուսուցման հաստատված տեղերը նշված ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների՝ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:

ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը»: Սահմանվել է, որ այն չի տարածվում ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերի և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների վրա, որոնք ենթակա չեն պետական գրանցման և դրանց հետագա կարգավիճակը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ինքնակամ շենքեր, շինություններ կառուցած և կամ ինքնակամ հողամասեր զբաղեցրած անձինք դրանց նկատմամբ ձեռք չեն բերում սեփականության իրավունք, չեն կարող դրանք վաճառել, նվիրել, հանձնել վարձակալության, կնքել այլ գործարքներ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ: Սահմանվել է, որ աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում այսուհետ ներառվում են որոշման մեջ նշված պահանջներին, սահմանափակումներին և պայմաններին համապատասխան կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և առքուվաճառքի պայմանագրի նախագծերը, ինչպես նաև աճուրդի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը, որոնք աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում տրամադրվում են աճուրդում հաղթողին: Ըստ մեկ այլ լրացման, մրցույթների անցկացման փաթեթում ներառվում է նաև ինչպես վարձակալության պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված հողամասի հատակագիծը՝ որպես պայմանագրի հավելված, որոնք մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում են մրցույթում հաղթողին:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 30-ի «Հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու նպատակով՝ հարկ վճարողների հարկային հաշիվներում ցույց տրված հարկվող շրջանառության չափը սահմանելու մասին» N 481 որոշման մեջ, որով սահմանվել է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմիններին ներկայացվող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տարածվում են այն հարկային հաշիվների վրա, որոնցում շրջանառության չափը գերազանցում է 100 հազար դրամը (առանց անուղղակի հարկերի)՝ նախկին 500 հազար դրամի փոխարեն:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ պետական սուրհանդակային գործակալության, ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և նոյեմբերի 21-ի N 1811-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1800-Ն որոշման մեջ՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի N 1800-Ն որոշմամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ պետական սուրհանդակային գործակալությունը հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի «ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական անտառային ֆոնդի տարածքներն օգտագործելու մասին» N 894-Ն որոշման մեջ, գործադիրը Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հա փոխադրել է անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հա և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հա տարածքներ առանձնացրել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին:

«Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը, գործադիրը հաստատել է նաև ՀՀ Արմավիրի մարզի 54 համայնքների վարչական սահմանների նկարագիրը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ