երկուշաբթի, 30 ապրիլի 2001
Այսօր ՀՀ վարչապետն ընդունեց Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) փոխնախագահ Կլեմենս վան դե Սանդին, որը ղեկավարում է IFAD-ի կողմից տարբեր երկրներում իրականացվող վարկավորման գործընթացը և պատասխանատու է դրա հաջող իրագործման համար:
Հանդիպմանը ՀՀ վարչապետը գոհունակություն հայտնեց հիմնադրամի հետ կառավարության իրականացրած 2 ծրագրերի արդյունավետության կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր՝ 3-րդ ծրագիրը նույնքան հստակորեն կիրագործվի:
Անդրանիկ Մարգարյանը ծրագիրը կարևորեց հատկապես լեռնային և սահմանամերձ շրջաններին օժանդակության, գյուղատնտեսական աշխատանքներին աջակցության, այս ոլորտի բիզնեսի զարգացմանը խթանելու տեսանկյունից, ընդգծելով, որ դա որոշակիորեն կկարգավորի այդ բնակավայրերում միգրացիոն գործընթացները, կնպաստի աղքատության կրճատմանը:
ՀՀ վարչապետը խոսեց նաև ոլորտի համար մեծ կարևորություն ունեցող հեռանկարային ծրագրերից, այն է՝ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի կայացումը և անցումը երկարաժամկետ վարկավորմանը, քանի որ, ըստ նրա, գյուղատնտեսության մեջ մեկ-երկու տարով տրվող վարկերը մեծ արդյունավետություն ապահովել չեն կարող:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի փոխնախագահ պարոն Կլեմենս վան դե Սանդը ևս բարձր գնահատեց Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը: Նա ողջունելի համարեց կառավարության կողմից ջրային ռեսուրսների կառավարման պետական կոմիտեի ստեղծումը, որը մեծապես կնպաստի նաև իրենց ծրագրերի արդյունավետ իրագործմանը:
ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո IFAD-ի փոխնախագահ Կլեմենս վան դե Սանդը ՀՀ գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանի հետ ստորագրեց 3-րդ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների զարգացման» ծրագիրը, որը կիրագործվի 4 տարում, հիմնականում ներառելով Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը: Ծրագրի ընդհանուր արժեքը 18.1 մլն ԱՄՆ դոլար է, որից 15.5 մլն IFAD-ի վարկն է, 2.6 մլն ԱՄՆ դոլարը կհամաֆինանսավորի ՀՀ կառավարությունը: