երեքշաբթի, 12 ապրիլի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, գյուղատնտեսության նախարարների, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Երևանի քաղաքապետի, մարզպետների, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, ոռոգման սեզոնին ջրային տնտեսության պատրաստվածության, համայնքների վարչական սահմանների ներսում և սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման, Հայոց ցեղասպանության 90-ամյակի մարզային միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ 2005թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստությունը կառավարությունն սկսել է դեռ անցյալ տարվա աշնանից, երբ համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարական է տրվել մարզերն ու համայնքներն ապահովել անհրաժեշտ պարարտանյութերով, սերմացուով, տեխնիկայով և աշխատանքներ իրականացնել՝ նախորդ տարիներին առանձին բնակավայրերում նկատված գարնանային աշխատանքների ուշացումները կանխելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, զեկուցել է, որ կառավարության հանձնարարականի համաձայն, այդ աշխատանքների նախապատրաստությունը 2004թ. աշնանից սկսելն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, ներկրվել է շուրջ 1000 տոննա կարտոֆիլի որոկյալ սերմացու, նախնական տվյալներով, 2004թ. համեմատությամբ, մոտ 8 հազար հա-ով ավելացել են հացահատիկային բույսերի ցանքատարածությունները, մայիսի վերջին կավարտվի մարզերն ու համայնքներն անհրաժեշտ քանակի պարարտանյութերով ապահովելու գործընթացը: Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է նաև մի շարք մարզերում, մասնավորապես, Կրասնոսելսկում, Ամասիայում, Սյունիքում, Տավուշում հողերի օգտագործման հարցում առկա խնդիրները, նշելով, որ ներկայումս մշակվում է սուբսիդավորման հայեցակարգ այդ մարզերի համար՝ նշված խնդիրները լուծելու նպատակով: Նախարարը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն, գրեթե բոլոր մարզերում որոշակի միջոցառումներ են իրականացվել նաև սպասվող գարնանային հեղեղումների կանխարգելման ուղղությամբ, որի համար կառավարությունը նախապես որոշակի միջոցներ է տրամադրել: Ըստ զեկուցողի, բավարար են ընթանում մարզերում և համայնքներում անասնաբուժական միջոցառումների իրականացման, արոտավայրերի ջրարբիացման, անցյալ տարի ցրտահարությունից տուժած մարզերին պտղատու տնկիների տրամադրման և այլ աշխատանքները ևս:
Ոռոգման սեզոնին ջրային տնտեսության պատրաստվածության վերաբերյալ զեկուցել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշել է, որ այս ոլորտում նույնպես նախապատրաստական աշխատանքները, անցյալ տարվա համեմատությամբ, ավելի կազմակերպված են ընթանում: Մասնավորապես, մաքրվել և փորձարկվել են մայր ջրատարները, ջրօգտագործողների ընկերությունների առաջարկությունները հաշվի առնելով, շուտով կհստակեցվեն նաև ոլորտում 2005թ. կատարվելիք ֆինանսական հատկացումների առաջնահերթությունները: Ըստ նրա, ջրօգտագործողների 16 ընկերություններ արդեն իսկ դուրս են եկել սուբսիդավորման համակարգից և իրենց խնդիրները կլուծեն ինքնուրույն միջոցներով, մյուսներին դեռևս կտրամադրվի պետական աջակցություն: Զեկուցողը կարևորել է նաև ինքնահոս ջրագծերի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու խնդիրը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը զեկուցել է, որ հանրապետությունում ՏԻՄ ընտրությունների կազմակերպման ուղղությամբ հանձնաժողովը մարզպետների հետ նախապատրաստական աշխատանքներն սկսել է դեռևս անցած տարվանից: Նա կարևորել է, մասնավորապես, տեղամասային-ընտրական կենտրոնների ձևավորումը, ընտրացուցակների ճշգրտումը, այդ խնդրում այսուհետ ևս ակնկալելով մարզպետների աջակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն առաջարկել է ՏԻՄ ընտրությունները սկսել Երևանում սեպտեմբերին, իսկ մարզերում հոկտեմբերին:
ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված, վարչապետը կարևորել է բոլոր թեկնածուների համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից, մեկնարկային հավասար պայմանների ապահովման, օրենքի տառին և ոգուն համապատասխան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ նախապատրաստման և անցկացման խնդիրները:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը զեկուցել է՝ համայնքների վարչական սահմանների ներսում և սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, համայնքներին պետական պահուստային հողերի փոխանցման և գրանցման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված մարզային միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: