երկուշաբթի, 18 ապրիլի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կողմերն ընդգծել են, որ վերջին շրջանում երկուստեք առանձնակի ուշադրություն է դարձվում հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների և երկու երկրների վարչական առանձին միավորների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Այդ ենթատեքստում վարչապետը հույս է հայտնել, որ Պերմի մարզի նահանգապետի այցը ևս մի կարևոր քայլ կհանդիսանա միջռեգիոնալ համագոծակցության խթանման համար:
Նշելով, որ արդեն իսկ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել ՌԴ Լենինգրադի, Սարատովի, Աստրախանի, Սվերդլովսկի, Կիրովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի կառավարության հետ, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցության չիրացված ներուժ գոյություն ունի նաև Պերմի մարզի հետ անմիջական կապերի զարգացման գործում: Առկա հնարավորությունների իրացման նպատակով, նա կարևորել է երկու կողմերի գործարարների միջև շփումների ակտիվացումը, ՀՀ-ում և Պերմի մարզում արտադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ուղիղ պայմանագրերի ստորագրման միջոցով դրանց մատակարարման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, կոոպերացիայի հնարավորությունների քննարկումը:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են, մասնավորապես, փոքր և միջին գործարարության ոլորտում համագործակցության խորացմանը, ինչին կարող է նպաստել նաև Տնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» նպատակների իրագործումը:
Երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում, Անդրանիկ Մարգարյանը և Օլեգ Չիրկունովը նշել են զբոսաշրջության, գիտության, կրթության և մշակույթի բնագավառները ևս:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները կարևորել են նաև Պերմի մարզի մեծաթիվ հայ համայնքի ներուժի օգտագործման խնդիրը: Ընդգծելով մարզի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը հայազգի իրենց քաղաքացիների նկատմամբ, որոնցից շատերը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում մարզի առաջատար արդյունաբերական, շինարարական և առևտրային ձեռնարկություններում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերում նրանց ընդգրկվածությունն առավել արդյունավետ կդարձնի երկկողմ համագործակցությունը: