չորեքշաբթի, 2 մայիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվին: Պրն Ռիվը վկայակոչելով ՀՀ վարչապետի հետ նախորդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործում արձանագրված առաջընթացը, հույս հայտնեց, որ այդօրինակ գործնական մոտեցումը դրական որոշակի արդյունքի կհանգեցնի: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի մշակման աշխատանքների մասին է, որին իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպություններ: Նշվեց, որ տարեսկզբին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովն արդեն մշակել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի նախագիծը, որը կարող է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի համար կողմնորոշիչ և հիմք դառնալ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը դեսպան Ռոյ Ռիվը տեղեկացրեց, որ ՀԲ-ն արդեն պատրաստակամություն է հայտնել հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակելու համար Հայաստանին տրամադրել 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհ և ընդգծեց, որ նման դրամաշնորհ տրվում է առաջին անգամ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարցին, թե ինչու՞ է Հայաստանի նկատմամբ նման բարյացակամ վերաբերմունք դրսևորվել, նկատի է առնվել երկրում կոռումպացվածության աստիճա՞նը, թե Հայաստանն այդ առումով համեմատաբար ավելի լավ վիճակում է և խնդիր է դրվել հենց նրան աջակցել, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց, որ այս երկրում հրապարակայնորեն հայտարարություն է արվել կոռուպցիայի դեմ պայքարի վճռականության մասին և երկրի նախագահի, վարչապետի կողմից քաղաքական կամք է դրսևորվել այդ անչափ ծանր և հետևողական աշխատանքը իրագործելու հարցում: Դա էլ հիմք է հանդիսացել Ձեր երկրին աջակցելու, այդ հարցում ակտիվ համագործակցելու համար:
Ողջունելով ՀԲ-ի օժանդակությունը, ՀՀ վարչապետը, այնուհանդերձ, շեշտել է, որ Հայաստանը առաջինն ստանալով այդօրինակ օգնություն, չպետք է փորձադաշտի վերածվի. «Եթե վճռել ենք լուրջ աշխատել այդ ուղղությամբ, ուրեմն պետք է միանգամայն գործնական մոտեցում ցուցաբերենք», - ավելացրեց Անդրանիկ Մարգարյանը:
Դեսպան Ռոյ Ռիվը միանգամայն ընդունելի համարելով ՀՀ վարչապետի տեսակետը, իր հերթին նշեց, որ ծրագիրը պետք է ենթադրի որոշակի գործողություններ և արդյունք:
Նշվեց, որ դրամաշնորհը վավերացնող փաստաթուղթը կստորագրվի առաջիկա օրերին, և այս հարցում կլինի առավել հրապարակայնություն ու թափանցիկություն: