հինգշաբթի, 3 մայիսի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդի հետ: ՀՀ վարչապետը շնորհավորեց Լիբանանի նախագահին իր երկրի հարավից իսրայելական զինված ուժերի դուրսբերման և այդպիսով երկրի այդ տարածքն ազատագրելու կապակցությամբ: Նա շնորհակալություն հայտնեց Լիբանանն իր երկրորդ հայրենիքը դարձրած սփյուռքահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացկամ վերաբերմունքի, ինչպես նաև հայոց ցեղասպանության դատապարտման հարցում այդ երկրի վճռական մոտեցման համար:
Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական փոխգործակցությունը, ՀՀ վարչապետը այն նպաստավոր և կարևոր հիմք համարեց դեռևս այդ մակարդակը չապահովվող տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Անդրանիկ Մարգարյանն այս հարցում կարևորեց հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, նշելով, որ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն ձևավորվել է հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը: Լիբանանյան կողմից այն արագ ձևավորելու դեպքում, ըստ վարչապետի, կարելի է առանց ժամանակ կորցնելու սկսել գործնական աշխատանքը և տարեվերջին ակնկալել որոշակի արդյունք: Անդրանիկ Մարգարյանը փոխշահավետ գործակցության համար ընդգծեց ֆինանսաբանկային ոլորտը, որտեղ Լիբանանը մեծ փորձ և առաջընթաց ունի: Ողջունելով Լիբանանում հայկական մշակույթի օրեր կազմակերպելու նախաձեռնությունը, ՀՀ վարչապետը Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնեց մեր երկրում լիբանանյան դարավոր և հարուստ մշակույթը ներկայացնելու համար նույնպիսի միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաև շարունակել և ընդլայնել գիտա-կրթական բնագավառում համագործակցությունը, որը սկիզբ է դրվել Երևանի և Բեյրութի մայր համալսարանների միջև փոխգործակցությամբ:
Լիբանանի նախագահը ևս կարևորեց երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելություններին զուգահեռ անհրաժեշտ է ակտիվացնել գործարարների շփումները: Նա խոստացավ վերադառնալուն պես հանձնարարել՝ արագացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի լիբանանյան կազմի ձևավորման աշխատանքները և հետևողական լինել տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու զարգացման հարցում:
Հանդիպման ավարտին Էմիլ Լահուդը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին պաշտոնապես հրավիրեց Լիբանան: