Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 մայիսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 2-րդ համագումարում


Համագումարի հարգելի պատվիրակներ և հյուրեր,


տիկնայք և պարոնայք,


անձամբ իմ և կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և համագումարին մաղթում արդյունավետ աշխատանք: Ավելի քան 3 տարի առաջ կառավարության նախաձեռնությամբ սկսված առևտրաարդյունաբերական պալատների նոր համակարգի ձևավորման գործընթացը թելադրված էր ժամանակի պահանջով. շուկայական տնտեսության արմատավորման պայմաններում երկրի տնտեսության զարգացման խնդիրների նկատմամբ գործադիր իշխանության դիրքորոշումն ավելի հստակ էր դարձել՝ վարչարարական մեթոդներով միջամտությունից ուղղվելով դեպի տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը: 2001թ. վերջին «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, հանրապետության մարզերում ու Երևանում կամավորության սկզբունքով առևտրաարդյունաբերական պալատների ստեղծմամբ, իսկ 2002թ. ապրիլին նաև դրանց միավորմամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարի անցկացմամբ, ըստ էության, ավարտվեց կարևոր այդ կառույցի նշանակության վերագնահատման, այն արդիական պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը:


Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ անցած 3 տարիներին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի՝ նրա ղեկավարության և անդամների կողմից զգալի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, շատ կարևոր եմ համարում պալատի գործունեությունը՝ ուղղված մեր երկրում գործարարության զարգացման, ազատ մրցակցության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Այդ է վկայում թեկուզ և այն փաստը, որ առևտրաարդյունաբերական պալատների անդամ ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի թիվն այսօր արդեն անցել է 2500-ից, որոնք ներկայացնում են հանրապետության բոլոր մարզերը: Իսկ եթե նկատի ունենանք, որ դրանք ինքնուրույն գործող սուբյեկտներ են և կոչված են նպաստելու իրենց տարածքների տնտեսական զարգացմանը, ապա պարզ կդառնա այդ ամենի կարևորությունը նաև հանրապետության մարզերի տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրների լուծման տեսակետից:


Անցած տարիները ցույց են տվել, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն արդեն կայացած կառույց է, ունի իր որոշակի դերը Հայաստանի գործարար համայնքին հուզող հարցերի լուծման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ու այլ գործընթացներում: Հատկապես կարևորում եմ պալատի համագործակցությունը կառավարության և նրա համապատասխան օղակների հետ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին, որպես ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի մշտական անդամ, ջանում է հնարավորինս պաշտպանել պալատի անդամների, գործարարների շահերն ու իրավունքները, դրանք ներկայացնել ՀՀ պետական կառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում, իհարկե հետևելով, որ հակասության մեջ չմտնեն ոլորտում տարվող պետական քաղաքականության հետ: Բացի դրանից, պալատի պատասխանատու աշխատակիցներից շատերը Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովների անդամներ են և իրենց ներդրումն են ունենում այլ պետությունների հետ մեր երկրի տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը: Կարող եմ ասել, որ կառավարությունն էլ իր հերթին, ինչպես և խոստացել էր, հնարավորինս աջակցել է այս կառույցի կայացմանը, պատրաստակամ է եղել քննարկելու առևտրաարդյունաբերական պալատի, գործարար համայնքի կողմից բարձրացված բոլոր հարցերն ու խնդիրները՝ ընդհանուր ուժերով դրանց լուծումները գտնելու համար:


Ակտիվ է եղել պալատի գործունեությունը նաև միջազգային ասպարեզում: Խրախուսելի է, որ պալատի գործունեության ուղղությունների ընդլայնման նպատակով, ներկայացուցչություններ են ստեղծվել արտասահմանյան շուրջ 2 տասնյակ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և նրա առանձին վարչական սուբյեկտներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Միջին Արևելքի երկրներից շատերում և այլն: Անցած կարճ ժամանակահատվածում պալատի կողմից կազմակերպվել կամ աջակցություն է ցույց տրվել Հայաստանում և արտերկրում մի շարք գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացմանը՝ ինչպես հանրապետության, արտասահմանյան երկրների, այնպես էլ սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձեռնամուխ է եղել նաև իր սեփական ցուցահանդեսային համալիրի կազմակերպման աշխատանքներին, որի գործարկումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կստեղծի նմանատիպ կարևոր միջոցառումներն ավելի հաճախակի և բարձր կազմակերպվածությամբ անցկացնելու համար:


Մեկ անգամ ևս ողջունելով բոլորիդ, համոզված եմ, որ առաջիկայում, կառավարության հետ սերտ համագործակցությամբ, պալատն էլ ավելի կընդլայնի իր գործունեությունը, առավել բազմազան կդարձնի գործարարներին մատուցվող ծառայությունները, կշարունակի հաջողությամբ իրականացնել գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված իր քաղաքականությունը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ու ընդհանուր բարեկեցության բարձրացման:


Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համագումարին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ