ուրբաթ, 4 մայիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց քաղբանտարկյալ, պայմանական ազատմամբ Ֆրանսիայից Հայաստան արտաքսված Վարուժան Կարապետյանին:
Վարչապետն իր ուրախությունը հայտնեց նրա ազատ արձակման և հայրենիք վերադառնալու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով, իբրև կառավարության ղեկավար պետության կողմից հնարավորինս աջակցել նրան՝ Հայաստանում իր հետագա կյանքն ու գործունեությունը շարունակելու համար: Բարձր գնահատելով Վարուժանի հայրենանվեր գործունեությունը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ազատազրկման օրվանից սկսած Հայաստանի քաղաքական ուժերը, պատգամավորներ, անհատ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ չեն դադարել իրենց ձայնը բարձրանել և հնարավոր միջոցներով նպաստել նրա ազատ արձակմանը: Վարչապետը հետաքրքրվել է Վարուժանի առողջական վիճակից և հանձնարարել առողջապահության նախարարին նրա հետազոտման և հարկ եղած դեպքում՝ բուժման խնդիրները վերցնել անձնական հսկողության տակ ու հնարավորինս արագ կազմակերպել պահանջվող աշխատանքները:
Վարուժան Կարապետյանը շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է, որ այսուհետ հայրենիքում ապրելով, ամբողջությամբ նվիրվելու է Հայաստանի հզորացման և բարգավաճման խնդրի իրագործմանը՝ ի սպաս դնելով իր բոլոր հնարավորությունները. «Ինձ համար գերագույն նպատակը իմ հայրենիքի և ոչ երբեք հատվածական ու նեղ կուսակցական շահը հետապնդելն է», - ընդգծել է Վարուժան Կարապետյանը, համաձայնելով ՀՀ վարչապետի տեսակետին, թե այսօր միայն ուժերի համախմբմամբ է հնարավոր նշված գերխնդրի իրագործումը: