երեքշաբթի, 24 մայիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ:
Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ, հրաշալի խորհուրդ ևս՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ի սպաս դնելու երկրի և ժողովրդի հետագա բարգավաճմանը՝ իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ:
Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները: