ուրբաթ, 27 մայիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ նշանակալից այս տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:
87 տարի առաջ՝ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հիրավի հերոսական պայքարի: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը, նոր հեռանկարներ բացեց մեր պետության հետագան սեփական ուժի զորությամբ կերտելու, աշխարհի հետ ներդաշնակ զարգացման ուղին ոտք դնելու համար: Այդ ամենը ձեռք բերվեց նաև ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ մեր ժողովրդի բացառիկ համախմբվածության շնորհիվ: Հիշենք, թե կանոնավոր զորքերի հետ կողք կողքի կենաց-մահու ինչ կռիվ էին տալիս մեր աշխարհազորայինները՝ մինչ այդ ազգային ազատագրական պայքարի բովով անցած, ինչպես նաև առաջին աշխարհամարտի ժամանակ կամավորական շարժմանն անդամագրված մեր բազմաթիվ նշանավոր և անձնուրաց զորավարներն ու ռազմիկները, ժողովրդի բոլոր խավերը, քաղաքական ուժերի, հոգևորականության ու մտավորականության ներկայացուցիչները: Դասեր, որոնք փոխանցվելով սերնդե-սերունդ, իրենց հրաշալի դրսևորումներն ունեցան նաև մեր օրերում՝ Շուշիի ազատագրման, արցախյան հերոսամարտի բազմաթիվ այլ դրվագներում:
Այդ միասնությունն ու համախմբվածությունը թող զորավիգ լինեն մեզ նաև այսօր և հետագայում մեր խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու, ձեռք բերածը պահպանելու, քայլ առ քայլ երկիրը շենացնելու և անկախ պետականությունը զորացնելու գործում՝ անցյալի սխալները երբևէ չկրկնելով:
Շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ վստահ եմ, որ 87 տարի առաջ մայիսյան այս գեղեցիկ օրը ծնունդ առած մեր անկախության երթը անկասելի ու հարատև է լինելու: