երկուշաբթի, 30 մայիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ պատասխանատու այդ պաշտոնում նրա առաջիկա գործունեության շրջանում ևս հայ-ռուսական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ, ինչպես նախորդ դեսպանի պաշտոնավարման ընթացքում էր: Կողմերը գոհունակություն են հայտնել, որ վերջին շրջանում երկու երկրների միջև զգալի ակտիվացել է առևտրատնտեսական գործակցությունը, թեև այստեղ, դեռևս զարգացման մեծ ներուժ կա և զգալի աշխատանք՝ կատարելու: Ստեղծված օրենսդրական կայուն բազան, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համակարգված աշխատանքը, ըստ նրանց, առաջիկայում կարող են նոր հնարավորություններ ստեղծել այդ ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել Նիկոլայ Պավլովին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում, նշելով, որ ինքն անձամբ և ՀՀ կառավարությունը պատրաստ են այդ հարցում նրան հնարավորինս աջակցելու: Դեսպան Պավլովը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ և քաղաքական, և տնտեսական, և մշակութային ոլորտներում երկկողմ կապերն ու փոխգործակցությունն առավել խորացնելու և զարգացնելու համար: