երեքշաբթի, 31 մայիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք Երևան են ժամանել ամենամյա հերթական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետը ողջունել է ավանդական դարձած երևանյան այս հանդիպումը, նշելով, թե արտգործնախարար Վարդան Օսկանյանն արդեն զեկուցել է խորհրդաժողովի հաջող ընթացքի և դրան հաջորդած հանդիպումների ու քննարկումների մասին: Նա հակիրճ ներկայացրել է կառավարության տնտեսական քաղաքականության իրագործման ընթացքը, անցած հինգ ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները, կառավարության կողմից իրագործվող ռազմավարական և այլ ծրագրերը, նաև մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների նպատակն ու ընթացքը: Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության միջազգային տնտեսական համագործակցությանը, ԱՄՆ կառավարությանը ներկայացված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մշակված հայաստանյան առաջարկին, տարբեր երկրների հետ իրագործվող դրամաշնորհային և վարկային ծրագրերին: Այդ համագործակցության զարգացման և ՀՀ տնտեսական քաղաքականությունը արտերկրում պատշաճ ներկայացնելու գործում վարչապետը կարևորել է նաև դեսպանների ակտիվ գործունեությունը: Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական ներկայիս իրավիճակին ևս, արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց դիմակայելու մոտեցումներին: Կառավարության ղեկավարն այնուհետև պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին: