ուրբաթ, 3 հունիսի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքերի տպագրում և բաշխում», «Սի Օ Էյ Էֆ» մանուկների բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտի համայնքապետարանի շենքի վերանորոգում և ջեռուցման համակարգի շինմոնտաժային աշխատանքների իրականացում» ծրագրերը: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրու Աթաբեկ Խնկոյանի անվան N 33 միջնակարգ դպրոցի կառուցում և կահավորում» ծրագրի նպատակն է երկրաշարժից հետո ժամանակավոր տնակում գործող միակ դպրոցի համար կառուցել նոր շենք և հատկացնել անհրաժեշտ դպրոցական կահույք: Հաստատվել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Հացիկ գյուղի խորքային հորի նախագծման աշխատանքների իրականացման, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյանի և Շմավոնի փողոցների բարեկարգում», Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի մարզական մասնաշենքի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության և շինարարական աշխատանքների տեխնիկական, ծավալային, մասնագիտական և որակական վերահսկողության, «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյումրու «Անի» թաղամասի ջրաչափերի տեղադրում», Ֆրանսիայի «Արմենի վիլաժ» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ «Արտաշատ քաղաքի N 1 մանկապարտեզի 8 սանհանգույցների վերակառուցում և կապիտալ վերանորոգում» ծրագրերը: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բաց դռներ բոլորի համար» ծրագրով նախատեսվում է կրթական, սոցիալական և խորհրդատեղեկատվական ծառայություններ մատուցել հաշմանդամ և այլ հատուկ կարիքավոր երեխաներին: «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միության հասցեով ստացված բեռի ծրագրով ՀՀ մարզերում և Երևանում կկազմակերպվի սոցիալապես անապահով երիտասարդների համակարգչային ուսուցում, իսկ Հայաստանի հրեական կրոնական համայնքի կողմից 2005-2006թթ. իրականացվող ծրագրով օգնություն կտրամադրվի հրեական համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին` կրթական, մշակութային և առողջապահական խնդիրների լուծման հարցում:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 21 ծրագրեր: