ուրբաթ, 3 հունիսի 2005
Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո: Այցի շրջանակներում վարչապետը կմասնակցի նաև Աիչի նահանգում անցկացվող «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսին: Պատվիրակության կազմում են առևտրի և տնտեսական զարգացման նախարար, «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի գլխավոր հանձնակատար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արտաքին գործերի, բնապահպանության նախարարների տեղակալներ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք:
Հունիսի 7-ին ՀՀ վարչապետը և պատվիրակության անդամները կմասնակցեն «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային օրվան նվիրված միջոցառումներին, տաղավար այցելող հյուրերի հետ կծանոթանան հայկական տաղավարի ցուցանմուշներին, ներկա կլինեն ազգային պարարվեստի, երաժշտական կատարումների, ֆիլմերի ցուցադրումներին:
Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Ճապոնիայի վարչապետ Ջյունիչիրո Կոիձումիի, խորհրդարանի ստորին պալատի նախագահ տիկին Չիկագե Ուգիի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահի տեղակալ Ացուշի Հատակենակայի հետ:
Ճապոնիա այցից հետո, ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը, Թայլանդի Թագավորության վարչապետի հրավերով, հունիսի 9-13-ը աշխատանքային այցով կմեկնի նաև Թայլանդ, որտեղ հանդիպում կունենա երկրի վարչապետ Տաքսին Շինավատրայի և Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Բհոկին Բալակուլայի հետ: