Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հունիսի 2005

Ճապոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցի երկրորդ օրը ժամանել է Տոկիո: Առավոտյան վարչապետը և ՀՀ պատվիրակության անդամները Տոկիոյի «Պալաս» հյուրանոցում հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» ասոցիացիայի անդամների հետ: Շնորհակալություն հայտնելով նրանց` հայ-ճապոնական համագործակցությունը խթանելու ակտիվ ջանքերի համար, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում դեռևս չօգտագործված մեծ ներուժ և լայն հնարավորություններ կան, ինչի մասին է վկայում նաև մեր երկրում ճապոնական ուղղակի ներդրումների, գործարարների միջև փոխշահավետ համագործակցության բացակայությունը: Ըստ վարչապետի, չնայած քաղաքական բնագավառում երկու երկրների միջև խնդիրներ չկան և ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած այցից հետո հարաբերություններն ավելի ամրապնդվել են, տնտեսական, մասնավորապես էներգետիկայի, գյուղատնտեսության բնագավառում ևս` կառավարություններն ակտիվ գործակցում են, այնուամենայնիվ, այդ ամենն ընդլայնելու և զարգացնելու մեծ հեռանկար կա: Դրան զգալիորեն կարող են նպաստել ե՛ւ «Էքսպո-2005»-ը, որտեղ հայկական տաղավար այցելուների թիվն զգալի է, ե՛ւ հունիսին Մոսկվայում կազմակերպվելիք հայ-ճապոնական գործարար կլոր սեղանը, որտեղ երկրի տնտեսության ներկայացման հետ միաժամանակ, գործարարներին ուղղակի շփման, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կընձեռվի:

Հանդիպման ընթացքում Հայաստանի բարեկամների հետ վարչապետը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, նշելով, որ գնալով ավելանում է այդ ոճրագործությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, և Հայաստանն այս հարցում ակնկալում է բարեկամների աջակցությունը ևս:

«Ճապոնիա-Հայաստան» ասոցիացիայի նախագահ Սուիմա Էդամուրան նշել ՝, որ տեղյակ է Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին և ուրախ է, որ երկիրը զարգացում է ապրում` փորձելով նաև ակտիվ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ հաստատել այլ պետությունների հետ: Նա իր գոհունակությունն է հայտնել ՀՀ վարչապետի այցի շրջանակներում ստորագրվելիք միջկառավարական համաձայնագրի առիթով: Զրուցակիցներն այնուհետև անդրադարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության հնարավոր ու հեռանկարային ոլորտներին: Պարոն Էդամուրան ՀՀ վարչապետից հետաքրքրվել է մեր երկրի տնտեսության առաջնահերթություններից: Նա նշել է, որ այս օրերին Հայաստանում են գտնվում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները, որոնք փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում կփորձեն ուսումնասիրել գործակցության առկա հնարավորությունները և գործարար կապեր հաստատել: Ընկերակցության նախագահը նշել է, որ «Տոյոտա» ընկերությունը մտադիր է իր ներկայացուցչությունն ունենալ Հայաստանում։ Հանդիպման մասնակիցների կարծիքով, այն կարող է նաև տարածաշրջանային կենտրոն դառնալ։ Սուիմա Էդանուրան քաջատեղյակ լինելով հայոց պատմությանն ու մշակույթին, բարձր է գնահատել Հայաստանի մտավոր ներուժը, որն, ըստ նրա, կարելի է երկու ժողովուրդների ընդհանրություններից մեկը համարել: Պարոն Էդամուրան, ով երկար տարիներ Ճապոնիայի դեսպանն է եղել Խորհրդային Միությունում, ապա նաև ՌԴ-ում, հանդիպման ավարտին ՀՀ վարչապետին է նվիրել այդ տարիների իր տպավորություններն ամփոփող գիրքը, որում մի քանի էջ նվիրված է Հայաստանին:

Այս հանդիպումից հետո, «Իիկուրա» հյուրանոցում կայացել է երկու երկրների կառավարությունների միջև Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ենթադրում է ճապոնական կողմից տեխնիկական ուսուցման և կադրերի վերապատրաստման ոլորտում աջակցություն, անհրաժեշտ բնագավառների փորձագետների և առաքելությունների գործուղում Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի կառավարությանը նյութատեխնիկական սարքավորումների և տեխնիկական աջակցության այլ ձևերի տրամադրում, որոնք հետագա քննարկումների ընթացքում առավել կմանրամասնվեն:

Կեսօրին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Ջյունիչիրո Կոիձումիի հետ: Հանդիպման սկզբում Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը, Ճապոնիայի իշխանությունների կողմից «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային օրվա կապակցությամբ ջերմ ընդունելություն կազմակերպելու համար: Նա նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ վկայություն է այն փաստի, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկրների միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել՝ ի շահ երկու ժողովուրդների: Զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ Հայաստանը և Ճապոնիան, տարբերություններով հանդերձ, ունեն բազում նմանություններ՝ բնական հարուստ պաշարների բացակայություն, մտավոր մեծ ներուժ, աշխատասիրություն, պատմական տպավորիչ անցյալ, ազգային ինքնատիպ մշակույթ, որոնք հիանալի նախադրյալներ են երկկողմ կապերը տարբեր ոլորտներում զարգացնելու համար: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանը, հետամուտ լինելով ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ իր հարաբերությունների հետևողական զարգացմանը, մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի առաջատար երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ համագործակցության սերտացմանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության և կայունության պահպանման, առավել անվտանգ և համագործակցության համար բարենպաստ միջազգային մթնոլորտի ստեղծման գործում, ինչպես նաև զարգացող երկրներին պաշտոնական օգնության տրամադրման պատրաստակամությունը, նա գոհունակություն է հայտնել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ճապոնական փոխգործակցության բարեհաջող ընթացքից: Ձյունիչիրո Կոիձումին ևս ընդգծել է այս փաստը, նշելով, թե այդ փոխգործակցությունն անցած տարիներին արտահայտվել է միջազգային տարբեր ատյաններում թեկնածությունների փոխադարձ աջակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման շուրջ ներկայումս ընթացող զարգացումներին ըմբռնումով մոտենալու և ԱԽ մշտական անդամ դառնալու Ճապոնիայի հետևողական ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: Միջազգային փոխգործակցության համատեքստում Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Ճապոնիայի կառավարությունը տարածաշրջանի հակամարտությունների նկատմամբ առ այսօր որդեգրած անկողմնակալ դիրքորոշումը կպահպանի նաև հետագայում:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին, Անդրանիկ Մարգարյանն անձամբ իր և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և վարչապետին՝ Զարգացման պաշտոնական աջակցության (Official Development Assistance, ODA) շրջանակներում մեր երկրին հատկացվող շարունակական օգնության համար, որն ընդգրկում է դրամաշնորհային, վարկային և տեխնիկական օգնության ծրագրեր: Դրանք իրականացվում են առաջնահերթ նշանակության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, առողջապահությունը, մշակույթը և նպատակ ունեն աջակցելու Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այդ համագործակցությունը հետագայում է՛լ ավելի կընդլայնվի՝ ներառելով երկկողմ առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառները: Համագործակցության կարևոր և արդիական ուղղություն է համարվել սեյսմոլոգիան, որտեղ ե՛ւ հայ, ե՛ւ ճապոնացի գիտնականները զգալի հաջողություններ ունեն: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկուստեք գործարար շրջանակների շփումներն ակտիվացնելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. հունիսի 24-ին Մոսկվայում հայ-ճապոնական գործարար կլոր սեղան կազմակերպելու վերաբերյալ: Անդրանիկ Մարգարյանը և Ձյունիչիրո Կոիձումին հույս են հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունում ներկայացված ճապոնական ընկերությունների և հայ գործարարների մասնակցությամբ այդ միջոցառումը ևս մեկ հիմք կստեղծի երկու երկրների տնտեսական հնարավորություններին մոտիկից ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու, ներդրումները խթանելու և առևտրատնտեսական կապերն ընդլայնելու համար:

Անդրադարձ է եղել նաև երկու երկրների իրավա-պայմանագրային հարաբերությունների զարգացմանը, որի կապակցությամբ Հայաստանի և Ճապոնիայի վարչապետները գոհունակությամբ նշելով, որ այս այցի ընթացքում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր՝ տեխնիկական համագործակցության վերաբերյալ, հույս են հայտնել, թե հետագայում, երկկողմ համագործակցության զարգացմանը համընթաց, այն կհամալրվի մի շարք այլ համաձայնագրերով՝ տնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին, Անդրանիկ Մարգարյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ նրան հարմար ժամանակահատվածում:

Այսօր տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ տիկին Չիկագե Ուգիի հետ: Վարչապետը նախ տիկին Ուգիին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի ողջույնները, ապա խորհրդարանի ղեկավարի հետ զրույցի ընթացքում ևս նդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ուրույն դերն ունեցող Ճապոնիայի հետ համագործակցության սերտացմամբ ու ձգտում է նոր թափ և որակ հաղորդել հայ-ճապոնական քաղաքական երկխոսությանը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար այսօր բավարար բարենպաստ նախադրյալներ կան: Գործընթացի խթանմանը, ըստ նրա, զգալիորեն կարող է նպաստել նաև երկկողմ պաշտոնական փոխայցելությունների ակտիվացումը: Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկկողմ քաղաքական երկխոսության զարգացման գործում, կողմերը, միաժամանակ, մտահոգություն են հայտնել, որ թեև երկու երկրների խորհրդարաններում տարիներ առաջ ստեղծվել են բարեկամության խմբեր, հետագայում լուրջ աշխատանքներ չեն տարվել այդ ուղղությամբ: Երկուստեք հույս է հայտնվել, որ այս այցը որոշակիորեն կնպաստի միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը ևս, քանի որ կառավարական պատվիրակության կազմում կան նաև պատգամավորներ, որոնք այցից հետո շահագրգիռ աշխատանք կտանեն այդ ուղղությամբ:

Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության և կայունության պահպանման, միջազգային անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գործունեությանն ակտիվորեն աջակցելու՝ մարդասիրական առաքելություն ծավալելու գործում, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիային տեսնել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինչը լիովին հիմնավորվում է արդի միջազգային հարաբերություններում այդ երկրի ունեցած կառուցողական և ակտիվ դերով:

Անդրանիկ Մարգարյանը և Չիկագե Ուգին հավաստելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը, վստահություն են հայտնել, որ այն կշարունակվի փոխշահավետության և փոխըմբռնման նույն ոգով:

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է Զարգացման պաշտոնական աջակցման շրջանակներում (ODA) ճապոնական կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, որն ընդգրկում է ընդհանուր դրամաշնորհներ, մշակութային, հետազոտական և փոքրածավալ դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, ինչպես նաև արտոնյալ վարկերի տրամադրում: Որպես այդ ոլորտում համագործակցության զարգացման նոր վկայություններ, վարչապետը հիշատակել է բոլորովին վերջերս՝ ս.թ. մարտին Երևանում ստորագրված էներգետիկ և առողջապահական բնագավառներին վերաբերող երկու միջկառավարական համաձայնագրերը: Վարչապետը ՀՀ կառավարության անունից երախտագիտութուն է հայտնել ճապոնական կողմին՝ ՀՀ կառավարությանը շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար գումարի արտոնյալ վարկ հատկացնելու համար, որն իր ծավալով առ այսօր ամենից խոշորն է միջազգային դոնորների կողմից Հայաստանին հատկացված վարկերի շարքում:

Ընդգծելով բոլոր ընթացիկ ծրագրերի կարևորությունը տնտեսական բարեփոխումներ իրականացնող մեր հանրապետության համար, Անդրանիկ Մարգարյանը, միաժամանակ, ընդգծել է Հայաստանին մարդասիրական օգնության, դրամաշնորհների և վարկերի տրամադրման քաղաքականությունից ուղղակի ներդրումների միջոցով լիարժեք և փոխշահավետ համագործակցությանն աստիճանաբար անցնելու անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ, ըստ նրա, կարևոր քայլ կլինի հունիսի վերջին Մոսկվայում կայանալիք հայ-ճապոնական գործարար կլոր սեղանը, որը կազմակերպվում է Մոսկվայում Ճապոնական գործարար ակումբի, ՀՀ արտգործնախարարության, ինչպես նաև Հայաստանի մի շարք տնտեսական միությունների նախաձեռնությամբ։

Խոսելով հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հետագա զարգացման մասին, զրուցակիցները որպես առավել հեռանկարային ուղղություններ նշել են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման, զբոսաշրջության ոլորտները: Ըստ նրանց, փոխշահավետ կարող է լինել նաև սեյսմիկ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ գտնվում են ակտիվ սեյսմիկ գոտում և որ Հայաստանում նույնպես առկա է զգալի գիտական և գործնական բազա այդ բնագավառում: Հայաստանի վարչապետը ճապոնական կողմի ուշադրությունն է հրավիրել նշված բնագավառներում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունների վրա:

Իրենց գոհունակությունն արտահայտելով այսօր Ճապոնիայի բարձրաստիճան հյուրերի ընդունելությունների տանը տեխնիկական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, այս հանդիպման ժամանակ ևս կողմերը հույս են հայտնել, որ այն մոտ ապագայում կհամալրվի նոր համաձայնագրերով։

Վաղը՝ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է վարչապետի հանդիպումը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահի տեղակալ Ացուշի Հատակենակայի հետ և այցելություն «Պանասոնիկ» կենտրոն: Վարչապետը նաև հարցազրույց կունենա «Ջափան Բրոդքաստինգ Քորփորեյշն» թերթի թղթակցի հետ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ