հինգշաբթի, 16 հունիսի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել մանկական մահացության և ծնունդների գրանցման ու դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման մասին: Որոշումն ընդունվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. գործողությունների պլանը հաստատելու մասին» N100-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի, 2003թ. օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» N1000-Ն, 2003թ. դեկտեմբերի 18-ի «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը հաստատելու մասին» N1745-Ն որոշումների, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՀՄԴ) ներկայիս պահանջներին ու նորմերին համապատասխան: Մանկական մահացության և ծնունդների գրանցման ու դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման նպատակով ստեղծվել է նշված գործընթացը համակարգող միջգերատեսչական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի գլխավորությամբ: Հաստատվել է վերոհիշյալ հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Որոշմամբ հաստատվել են նաև ԱՀԿ ՀՄԴ 10-րդ վերանայմանը համապատասխան մոր և մանկան ծառայության ոլորտի բժշկա-դեմոգրաֆիկ հիմնական հասկացությունների սահմանումները, այդ սահմանումներին անցնելու կապակցությամբ դեպքերի հաշվառման ու գրանցման կարգը: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման, առողջապահության, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահին՝ համատեղ ապահովել աշխատանքների կազմակերպումը նշված ընթացակարգերի հետ կապված հիմնախնդիրների բարելավման նպատակով գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է նաև եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել համապատասխան վկայականների ձևանմուշները:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է «Երեք գլոբալ՝ «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող, խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը»: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ մարզպետներին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Պետական կառավարման ակադեմիայի, Գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորների հետ համատեղ, մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին: Հանձնարարվել է նաև բնապահպանության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը որոշմամբ նշված տվյալներն ամփոփել և կառավարություն ու արտաքին գործերի նախարարություն ներկայացնել միջազգային բնապահապանական կոնվենցիաներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների խաչաձևվող խնդիրների կատարմանը նպատակաուղղված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:
Որոշմամբ համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1840-Ն որոշման մեջ:
Կառավարությունը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 642 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ մարզի Քարաշեն գյուղի դպրոցի տարածքի բարեկարգման նպատակով:
Նիստում հաստատվել է 2005թ. պետական բյուջեի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված պետական պատվերը: Որոշմամբ հստակեցվում են պետական պատվերով կատարվող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի մշակման գծով աշխատանքների ծավալներն ու տեսակները:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը»:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը վերակազմակերպել՝ նրանից առանձնացնելով հաշվապահական հաշվառման բաժինը: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N2072-Ն որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին՝ այն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ, Արմավիրի մարզի Այգեշատի միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով պետբյուջեի «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով հատկացվել է 63 մլն 900 հազար դրամ:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:
Նիստում «Ընդերքի մասին» օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով, հաստատվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնություն տալու կարգը:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի վեցերորդ բաժնում տարանջատել լիազոր մարմիններին, հստակեցնել նրանց գործառույթները:
Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով կհստակեցվեն համայնքի ղեկավարի՝ խնամակալության և հոգաբարձության հարցերով լիազորությունները:
Այլ որոշումներով, կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն կրթության և գիտական աստիճանների ու կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին», «ՀՀ գլխավոր դատախազության և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին» համաձայնագրերի, «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրի փոփոխությունների կնքման առաջարկություններին: Գործադիրը հաստատել է «ՀՀ ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայության միջև թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 25-ի «ՀՀ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակարթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N773 որոշման մեջ, որով ցանկը լրացվել է հանրապետության մարզերի ավելի քան վեց տասնյակ միջնակարգ դպրոցներով: Սահմանվել է, որ ՀՀ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկում ընդգրկված դպրոցների ֆինանսավորումը կիրականացվի 2006թ. հունվարի 1-ից:
Կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և ծառայության համար կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները: Ծառայության համար փոստային կապի ծառայության ձեռքբերման ծախսերի տարեկան սահմանաչափ է սահմանվել ամսական նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը: Որոշման համաձայն, ծառայության համար քաղաքային ռադիոցանցի, ինչպես նաև ծառայության կենտրոնական մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքվող պայմանագրերի: Ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են ՀՀ կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան: Սահմանվել են նաև քրեակատարողական հիմնարկների համար (ներառյալ դրանց աշխատակազմը) ծախսերի սահմանաչափերը՝ մեկ օր մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 1731-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների կիրարկման անհրաժեշտությամբ:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Որոշումն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը միջազգային չափանիշներին, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 13-ի «ՀՀ ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գրանցված՝ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և ՀՀ ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 2043-Ն որոշման մեջ՝ այն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության, հաշվեկշռային մեթոդով 24 մլն 475 հազար դրամ գնահատված արժեքով «Մուղնու առողջության կենտրոն»-ի (Աշտարակ) գույքը օտարել մրցույթով: Մեկ այլ որոշմամբ, մրցույթով կմասնավորեցվեն նաև Դիլիջանի «Մանուշակ» կինոթատրոնի՝ հաշվեկշռային մեթոդով 6 մլն 524 հազար դրամ գնահատված արժեքով Սևանի անասնամթերման գրասենյակի՝ 2 մլն 19 հազար դրամ գնահատված արժեքով, գույքերը: ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության՝ 7 մլն 833 հազար դրամ գնահատված արժեքով «Նոր Ավան» կինոթատրոնի գույքը որոշվել է ուղղակի ձևով մասնավորեցնել Երևան քաղաքի Ավան համայնքին՝ վաճառքի գինը սահմանելով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:Որոշվել է նաև«Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել ք. Երևան, Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քմ տարածքը և հանձնել Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, 14 մլն 490 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ք.Երևան Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող բնակելի շենքի ոչ բնակելի 458.3 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող տարածքը սեփականության իրավունքով հանձնել «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով ընկերության միջոցների հաշվին: Թույլատրվել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված, 2մլն.847 հազար դրամ գնահատված արժեքով 638.2 քմ տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Պրոգրես Արմենիա» ՍՊԸ-ին: Մեկ այլ որոշմամբ, «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ՓԲԸ-ն վերափոխվել է նույնանուն ՓԲԸ-ի և թույլատրվել է այդ ընկերությանը՝ 9մլն 147 հազար դրամ գնահատված արժեքով հիմնական միջոցները, այդ թվում՝ 699 քմ տարածքով շենքը (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) օտարել մրցույթով:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է նաև «Կարին ԳԵՈ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռային մեթոդով 28 մլն 370 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին՝ այն վերափոխելով նույնանուն ՓԲԸ-ի: Թույլատրվել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինության, 11 մլն 956 հազար դրամ գնահատված արժեքով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի երկհարկանի արտադրամասը օտարել դասական աճուրդով: Որոշումներ են ընդունվել մի շարք այլ մասնավորեցումների վերաբերյալ ևս:
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը, ինչպես նաև անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտման մասին արձանագրության ձևը: Որոշման նպատակը նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների՝ մասնավորապես քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովումն է:
Կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է սպանդանոցներում մորթված գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների) մսի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքում կատարվող լրացման գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Որոշումն ընդունվել է սննդի անվտանգության պահանջների, սպառողների առողջության ապահովման, ինչպես նաև համաճարակների կանխարգելման նպատակով:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է ավտոմոբիլային բենզինների տեսակների և դիզելային վառելիքներին ներկայացվող պահանջների վերաբերյալ Եվրամիության համապատասխան դիրեկտիվում կատարված փոփոխությունները նշված տեխնիկական կանոնակարգում հաշվի առնելու նպատակով:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով, մասնավորապես, սահմանվում է, որ հարկային մարմինը տնտեսվարող սուբյեկտների կողմից առանձին հարկատեսակների գծով ներկայացված ՀՀ հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների, հարկային մարմնում առկա այլ փաստաթղթերի հիման վրա, ՀՀ հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ճշտման նպատակով, կարող է անցկացնել ներքին (հարկային մարմնում՝ առանց տնտեսվարող սուբյեկտին այցելության) փաստաթղթային ստուգում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ ԱԺ-ի կողմից 2004թ. որոշմամբ վավերացված «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2003-2004թթ. ֆինանսական համագործակցության մասին» միջազգային համաձայնագրին համապատասխան, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ անունից կնքել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, KfW բանկի և Ավանդների երաշխավորման հիմնադրամի միջև «Վարկի տրամադրման և ծրագրի իրականացման պայմանագիրը»՝ ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի հանրապետությանը 3,5 մլն եվրո գումարով, տարեկան 0.75 տոկոս տոկոսադրույքով, սկսած 2015 թվականից մինչև 2045 թվականը մարման ժամկետով վարկի տրամադրման մասին, ինչպես նաև դրանով նախատեսված՝ միջնորդ դատավարության մասին պայմանագիրը: Որոշվել է նաև ՀՀ անունից Ավանդների երաշխավորման հիմնադրամի հետ կնքել «Վարկի տրամադրման և ծրագրի իրականացման պայմանագրով» նախատեսված ենթավարկային (վարկային) պայմանագիրը, 3,5 մլն եվրո գումարով, տարեկան 0.75 տոկոս տոկոսադրույքով, սկսած 2015 թվականից մինչև 2045թ. մարման ժամկետով հիմնադրամին վարկի տրամադրման մասին, առանց պարտավորության ապահովման միջոց պահանջելու: ՀՀ անունից կնքել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, KfW բանկի և Ավանդների երաշխավորման հիմնադրամի միջև «Ֆինանսական դրամաշնորհի տրամադրման և ծրագրի իրականացման պայմանագիրը»՝ ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետությանը 400 հազար եվրո գումար դրամաշնորհ տրամադրելու մասին: Հայաստանի Հանրապետության անունից Ավանդների երաշխավորման հիմնադրամի հետ կնքել «Ֆինանսական դրամաշնորհի տրամադրման և ծրագրի իրականացման պայմանագրով» նախատեսված նվիրաբերության պայմանագիր, 400 հազար եվրո գումարով: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ որոշման առաջին և երկրորդ կետերով նախատեսված պայմանագրերի կատարման արդյունքում «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկացումների վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ օրենքով սահմանված դիֆիցիտի ընդհանուր գումարը չգերազանցելու համար:
Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով հստակեցվում են, մասնավորապես, փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հրավիրման և անցկացման, փաստաբանների պալատի խորհրդի անդամների ու նախագահի ընտրության կարգի և այլ հարցեր:
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 4-ի «ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ, գործադիրը 4.0 հա, որից 2.0 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 2.0 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր փոխադրել է հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի առաջարկությունը, կառավարությունը որոշել է ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, նախկինում համայնքներին ամրացված 2-րդ և այլ հատվածներում ընդգրկված հողերի կառավարման լիազորությունները փոխանցել համապատասխան համայնքներին: Սահմանվել է, որ մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը՝ որոշման մեջ նշված հողերի վարձավճարները և հողի հարկը գանձվում է համապատասխան համայնքի բյուջե:
Նիստում որոշում է ընդունվել նաև Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 25 գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:
Մեկ այլ որոշմամբ, վաղաժամկետ դադարեցվել են Լոռու մարզի Ահնիձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները՝ վերջինիս դիմումի համաձայն: Հանձնարարվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 55 հազար 50 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին, Ահնիձորի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: