չորեքշաբթի, 22 հունիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմուին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով վերջին շրջանում հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման միտումը, այդ թվում նաև միջխորհրդարանական կապերի, միջազգային կազմակերպություններում համագործակցության ասպարեզներում, կողմերն արտահայտվել են դրանք էլ ավելի զարգացնելու օգտին: Վարչապետը հույս է հայտնել, որ Նորվեգիայի խորհրդարանի նախագահի մեր երկիր կատարած այս առաջին այցը ևս նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար: Անդրանիկ Մարգարյանը և Յորգեն Կոսմուն կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ամրապնդումը: Նրանք մտահոգություն են հայտնել այն առթիվ, որ ներկայումս կնքվել է հայ-նորվեգական ընդամենը մեկ համաձայնագիր, և մեկը գտնվում է քննարկման փուլում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է նորվեգական կողմի քննարկմանը ներկայացնել ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման, կրկնակի հարկումից խուսափելու, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցության և մի շարք այլ համաձայնագրերի նախագծեր ևս: Նկատի ունենալով, որ չնայած Նորվեգիան չի անդամակցում Եվրամիությանը, սակայն իր քաղաքականությունը՝ թե քաղաքական և թե տնտեսական ոլորտներում, կառուցում է հաշվի առնելով ԵՄ հիմնարար սկզբունքները, վարչապետը պարոն Կոսմուին ներկայացրել է մեր երկրի իշխանությունների դիրքորոշումը Հայաստան- ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Նա կարևորել է, մասնավորապես, «Եվրոպական հարևանության» քաղաքականության մեջ Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը, Գործողությունների ծրագրի միջոցով Հայաստանի հետ հարաբերությունները խթանելու Եվրոպական հանձնաժողովի առաջարկը, որը ս.թ. ապրիլի 25-ին հաստատվել է Եվրամիության խորհրդի կողմից: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության խնդիրներին, Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի համաձայնությունն է հայտնել Եվրամիության այն մոտեցմանը, ըստ որի առկա հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը, նա պաշտպանել է այն տեսակետը, որ դրանց կարգավորման գործընթացին մեծապես կնպաստի բոլոր կողմերի միջև առանց նախապայմանների տարբեր համագործակցության ծրագրերի իրականացումը: Վարչապետը նշել է, որ իր տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանը հետևողականորեն փորձում է բարելավել հարաբերությունները բոլոր հարևան պետությունների, այդ թվում նաև Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանի:
Համաձայնելով վարչապետի տեսակետներին, Յորգեն Կոսմուն իր հերթին միջազգային ասպարեզում համագործակցությունը կարևոր է համարել ներկա մարտահրավերները դիմակայելու՝ հատկապես ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես քրիստոնեական դարավոր ավանդույթներ ունեցող, մշակութային արժեքների երկիր, իր արժանի ներդրումը կարող է ունենալ միջազգային համագործակցության զարգացման գործում: Տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական փոխգործակցության և օտարերկրյա ներդրումների խթանման համար նա ընդգծել է հատկապես տարածաշրջանում խաղաղության հաստատման, կայուն անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Խոսելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին և արձանագրելով Հայաստանի և Նորվեգիայի միջև ապրանքաշրջանառության ցածր ցուցանիշները, զրուցակիցներն ընդգծել են այդ ուղղությամբ լուրջ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը: Երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտների թվում նրանք նշել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի (հատկապես հիդրոէներգետիկայի), գյուղատնտեսության, գիտության ու կրթության, մշակույթի բնագավառները:
Հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեության համար, որի շնորհիվ, սկսած1988թ-ից Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կառուցվել են հարյուրավոր բնակարաններ՝ երկրաշարժից տուժածների և փախստականների համար, բժշկական վերականգնողական կենտրոններ, ջրատարներ, համայնքային կենտրոններ և այլն: Վարչապետը հայտնել է նաև հայկական կողմի շահագրգռվածությունը Նորվեգական խորհրդի՝ Հայաստանում իր գործունեությունը շարունակելու կապակցությամբ, որի համաձայն 2005թ. 10-12 մլն ԱՄՆ դոլարի հատկացում է նախատեսվում մեր երկրում օգնության ծրագրեր իրագործելու նպատակով: