երկուշաբթի, 27 հունիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հրավերով, հունիսի 29-ից հուլիսի 1-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լևոն Ռուխկյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Մարտին Սուքիասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք: Կառավարական պատվիրակությանը կուղեկցի գործարարների խումբը, որի կազմում են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, մի շարք ընկերությունների ղեկավարներ:
Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի և խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ, կմասնակցի հունիսի 30-ին կայանալիք Լիտվա-Հայաստան գործարար համաժողովի բացմանը, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև ՀՀ պատվիրակության անդամների առանձին հանդիպումներ իրենց լիտվացի գործընկերների հետ: