Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 հունիսի 2005

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Առանձին որոշումներով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 , 2003թ. մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն, ինչպես նաև 2003թ. սեպտեմբերի 4-ի «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի N 96 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1530-Ն որոշումներում: Դրանցում փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև պայմանագրային հարաբերությունների կարգավորվող պարտավորությունների կատարման ժամկետների վերանայման, ինչպես նաև ձևակերպումների հստակեցման առումով: Ըստ այդմ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության անցկացման ժամկետները կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կնքվող պայմանագրով: Ընդլայնվել է ճարտարապետաշինարարական նախագծի փորձաքննությունը նախագծող կապալառուի երաշխավորագրով փոխարինելու՝ գործող կարգով նախատեսված շենքերի և շինությունների շրջանակը և սահմանվել են դրանց դասակարգման չափորոշիչները: Հստակեցվել են այն շինարարական աշխատանքների տեսակները, որոնց համար մշակվող քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության ենթակա չեն, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում մշակվող քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության իրականացման ներկայացուցչական կազմն ու ընթացակարգը: 2003թ. սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով վերանայվել է ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը փորձաքննության ներկայացնելու իրավասության հարցը, ըստ որի, բացի կապալառուից կամ նրա կողմից լիազորված անձից, փորձաքննության ներկայացնելու իրավասություն է տրվում նաև աշխատանքների պատասխանատու կապալառուին: Հանվել են նաև փորձաքննության ներկայացված նյութերի լրակազմության ստուգման համար և փորձաքննության անցկացման համար գործող կարգով սահմանված ժամկետները, ինչն այսուհետ կկարգավորվի կողմերի միջև կնքվող պայմանագրով: 2003թ. մայիսի 8-ի N 626-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով ու լրացումներով, մասնավորապես, ընդլայնվել է ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող խոշոր ծավալների (գնումների բազային միավորի 250-պատիկը գերազանցող) շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմը, շահագործման ընդունելու դեպքում շինարարության ավարտի մասին շինարարական աշխատանքների կապալառուի կողմից կառուցապատողին իրազեկելու մասին և հանձնաժողովների աշխատանքների իրականացման համար գործող կարգով նախատեսված ժամկետները, որոնց կանոնակարգումը կիրականացվի պայմանագրային հարաբերությունների շրջանակում և այլն:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Փոփոխությունների համաձայն, առաջարկվում է, մասնավորապես, Ջրի ազգային ծրագրով հաստատել ջրային ռեսուրսավճարների ռազմավարության սահմանումը, իսկ բուն ջրօգտագործման թույլտվության վճարի առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ ջրային ռեսուրսների արդյունահանման հետ վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերը, կսահմանվեն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով: Ջրի ազգային ծրագրի նշված և մի շարք այլ բաղադրիչները հստակորեն սահմանելու նպատակով, առաջարկվել է նաև ծրագրի հաստատման ժամկետը հետաձգել ևս մեկ տարով:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը, որոնցով կհստակեցվեն տարբեր նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների որակի ստանդարտների մշակումն ու հաստատումը, կնպաստեն սահմանային թույլատրելի արտահոսքերի մեծությունների սահմանման անհատական մոտեցմանը՝ ելնելով տեղանքի և հարևանությամբ գտնվող էկոհամակարգերի առանձնահատկություններից: Նախատեսվում է, որ որոշումը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, ինչպես նաև դրանց լիարժեք պահպանությանը:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Լրացման համաձայն, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում, ակտի օրինակը ստանալու կամ վիճարկվող գործողության կամ անգործության մասին իմանալու օրվանից երեք տարվա ընթացքում՝ բացառությամբ այն ակտերի, որոնցով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները: Սահմանվել է նաև, որ ակտն ընդունելու ընթացակարգային նորմերի խախտումն ակտը անվավեր ճանաչելու հիմք կարող է հանդիսանալ, եթե այդ խախտումը կարող էր հանգեցնել սխալ ակտ կազմելուն:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, այն իրականացնող մարմինները, նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հիմքերը, տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 34 մլն 50.7 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, այդ թվում 4 մլն 865 հազար դրամ՝ գիտահանրամատչելի գրականության և 29 մլն 185.7 հազար դրամ՝ այլ գրականության հրատարակման համար: Որոշմամբ հաստատվել են ՀՀ 2005թ. պետական բյուջեի մանկական, հանրագիտարանային, հոբելյանական, թարգմանական գրականության հրատարակման գծով պետական պատվերների ծրագրերով, ինչպես նաև նույն որոշման համաձայն գիտահանրամատչելի ու այլ գրականության հրատարակման նպատակով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005թ. պետական պատվերները:

Այլ որոշումներով, կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Հարավային Աֆրիկայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման մասին», «ՀՀ կառավարության և Թայլանդի Թագավորության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2000թ. հոկտեմբերի 20-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 270.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար, ակադեմիկոս Թախտաջյանի անձնական գրադարանը Սանկտ-Պետերբուրգից Երևան տեղափոխելու ծախսերը փոխհատուցելու նպատակով: Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ իրեն ամրացված Երևանի Տերյան փողոցի N 74 հասցեում գտնվող ուսումնական N 1 մասնաշենքից 900 քմ (1-ին, 2-րդ և 3-րդ հարկերից 300-ական քմ) ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը վարձակալության հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի N 29 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը՝ 1853.4 քմ ընդհանուր մակերեսով և 14 մլն 651 հազար դրամ սկզբնական արժեքով, հետ է վերցվել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Գյումրու քաղաքապետին: Նախատեսվում է, որ որոշումը կնպաստի նշված երկու ուսումնական հաստատությունների աշխատանքների բնականոն կազմակեպմանն ու իրականացմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդարանի խնդրանքը, կառավարությունը որոշել է Շիրակի մարզպետարանի տնօրինության Ամասիա գյուղում գտնվող Կենցաղի տան շենքը՝ 1702.99 քմ ընդհանուր մակերեսով, անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ Ամասիայում հոգևոր գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Աճուրդի կազմակերպման և անցկացման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 100 տոկոս պետական սեփականություն հադիսացող բաժնետոմասերը կառավարող «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի 435 մլն 546 հազար 499 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը՝ Մխչյանի և Մասիսի նորոգումների արտադրամասերի, Արտաշատի մեքենայացված տեղամասի գույքը, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան ջրառ» մասնաճյուղի գույքի առանձին տարրերը, օրենքով սահմանված կարգով, վաճառել դասական աճուրդով: Թույլատրվել է նաև «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման համաձայն ստացված գումարներն ուղղել ընկերության կրեդիտորական պարտքերի մարմանը:

Նիստում գործադիրը որոշել է «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերանվանել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է դրա կանոնադրությունը: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 15-ի «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 616-Ն որոշումը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մարտի 3-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի սպորտային ծրագրերով նախատեսված միջոցներն ըստ մարզաձևերի բաշխելու մասին» N 311-Ն որոշման մեջ: Դրանց համաձայն, սպորտային պարերի համար նախատեսված 1 մլն դրամը որոշվել է տրամադրել շաշկու, իսկ բիաթլոնին հատկացված 800 հազար դրամը՝ դահուկավազք մարզաձևերին, հաշվի առնելով վերջինների՝ միջազգային մրցումներում առաջնակարգ տեղեր գրավելու առավել մեծ հնարավորությունները: Որոշմամբ շախմատ մարզաձևին տրամադրվող գումարն ավելացվել է 14 մլն 500 հազար դրամով՝ 2005թ. հունիս-հուլիս ամիսներին կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական ու թիմային կանանց և տղամարդկանց առաջնությանը նախապատրաստվելու և մասնակցելու համար;

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել նաև Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի ավելի քան մեկ տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 996.2 հա պահուստային ֆոնդի հողերից 993.5 հա, որից 86.8 հա վարելահող, 345 հա արոտավայր, 561.7 հա այլ հողեր փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար: Քաղաքացիների սեփականություն համարվող 2.7 հա գյուղատնտեսական նշանակության հողերից 1.2 հա փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար, իսկ 1.5 հա-ն՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, ավտովերանորոգման արհեստանոց կառուցելու համար:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները և հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 121 հազար 177 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին, Գայի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Գործադրի հավանությանն են արժանացել նաև «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանք, սահմանված կարգով, կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Այսօրվա նիստում որոշում է կայացվել «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի) և ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 5-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Նույն որոշմամբ հաստատվել է այդ ավտոճանապարհի ծրագիծը՝ 96.4 կմ երկարությամբ և 185.6 հա մակերեսով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի: Հանձնարարվել է համապատասխան նախարարներին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Սյունիքի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում Մեղրիի, Կապանի, Ալդարաի, Շվանիձորի, Շիշկերտի, Ծավի, Արաշենի, Շիկահողի, Ճակատենի, Գեղանուշի և Գոմարանի համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխության, ինչպես նաև այլ անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի փոխհատուցման վերաբերյալ:

ՀՀ 2005թ. պետբյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական բյուջեից գումար հատկացնելու մասին որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանն է հատկացվել 60 մլն դրամ՝ Երևանի N 104 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Նիստում քննարկվել և հավանության են արժանացել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ևս: Հիշյալ օրինագծերի ընդունումը պայմանավորված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և նպատակ ունի լուծել հանրապետությունում բանկերի կորպորատիվ կառավարման բնագավառում առկա և հրատապ լուծում ու իրավական կարգավորում պահանջող մի շարք հիմնախնդիրներ:


Կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին՝ 2005թ. հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառված են երկու տասնյակից ավելի օրինագծեր, այդ թվում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, երկու միջազգային պայմանագրերի՝ «ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4038 AM զարգացման վարկի համաձայնագրի» (Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր), «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին (հատկացման տարին՝ 2004թ.) համաձայնագրի վավերացում, ինչպես նաև ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկված, սակայն ավարտին չհասցված օրինագծերը վերջնական ընթերցմամբ քննարկելու և ընդունելու նպատակով օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր: Հավանություն է տրվել «2005թ. հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին ևս:


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սահմանադրության օրվա կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2005թ. հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հուլիսի 2-ը՝ շաբաթ օրը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ