չորեքշաբթի, 29 հունիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հրավերով, այսօր եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս: ՀՀ պատվիրակության կազմում են ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լևոն Ռուխկյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Մարտին Սուքիասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, մի շարք ընկերությունների ղեկավարներ:
Այսօր երեկոյան ՀՀ վարչապետը և պատվիրակության անդամներն այցելել են Հին Վիլնյուս, ծանոթացել դարերի պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից համամարդկային արժեք ճանաչված Հին քաղաքի տեսարժան վայրերին, պատմական ու ճարտարապետական հուշարձաններին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը՝ հունիսի 30-ին, նախատեսվում են վարչապետի հանդիպումները Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ: