երկուշաբթի, 4 հուլիսի 2005
ՀՀ Սահմանադրության 10-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ուղիղ տասը տարի առաջ՝ 1995թ. հուլիսի 5-ին կողմ քվեարկելով նորանկախ Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքին, մեր ժողովուրդն արտահայտել է իրավական պետության և քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների արմատավորման իր հաստատակամությունը: Անցած տասը տարիները ցույց են տվել, որ կյանքի կոչվելով մեր երկրի համար դժվարին ժամանակներում, նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը կատարել է իր գլխավոր դերն ու առաքելությունը՝ նպաստելով անկախ պետականության կայացմանը, երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը, քաղաքակիրթ աշխարհի հետ աստիճանական ինտեգրման գործընթացին: Մեր պետության ու հասարակության զարգացման ընթացքը, կյանքի նոր պահանջները, բնականաբար, առաջադրել են նաև հենց իր՝ Հիմնական օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը: Վերջին տարիներին հանրապետության քաղաքական ուժերի, ամբողջ հասարակության մասնակցությամբ համատեղ ակտիվ աշխատանք է տարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ մեր երկրի Հիմնական օրենքը միջազգային չափանիշներին, ինչպես նաև մեր ժողովրդի նվիրական իղձերին առավելագույնս համահունչ դարձնելու նպատակով: Այդ աշխատանքներն այսօր ավարտական փուլում են և շուտով հանձնվելու են ժողովրդի ու հասարակության գնահատականին:
Շնորհավորելով Սահմանադրության 10-ամյակի առթիվ, լիահույս եմ, որ աշնանը կայանալիք հանրաքվեի ընթացքում, ինչպես և տասը տարի առաջ, մեր երկրի բարեփոխված Հիմնական օրենքը լիարժեքորեն կընկալվի և աջակցություն կգտնի հանրության կողմից: Վստահ եմ, որ ստանալով ժողովրդի քվեն, նոր Սահմանադրությունը այսուհետ ևս կնպաստի անկախ Հայաստանի Հանրապետության հռչակած հիմնարար սկզբունքների իրականացմանը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների լիիրավ պաշտպանությանը, քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրմանը, ինչը մեր պետության հետագա բարգավաճման ու հզորացման գլխավոր երաշխիքն է»: