երեքշաբթի, 12 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի (CDEJ) անդամներին, որոնք Հայաստանում են գտնվում ղեկավար կոմիտեի 2005թ. ամառային համալսարանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Ղեկավար կոմիտեի վարչության պետ Պիտեր Լորիցեն, պատվիրակության մյուս անդամները, որոնք միաժամանակ հանդիսանում են իրենց երկրների երիտասարդության ոլորտի պետական ղեկավարներն ու ներկայացուցիչները, շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ղեկավար կոմիտեի ամառային համալսարանը Հայաստանում կազմակերպելու հրավերի համար: Ներկայացնելով ամառային համալսարանի՝ այս օրերին Ծաղկաձորում ընթացող «Ակտիվ մասնակցություն եվրոպական երիտասարդական քաղաքականության մեջ» խորագրով դասընթացի արդյունքները, նրանք նշել են, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է աջակցելու արդյունավետ երիտասարդական քաղաքականության զարգացմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տարբեր անդամ-պետությունների միջև երիտասարդության ոլորտին առնչվող փորձի փոխանակմանը: ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը տեղեկացրել է, որ ամառային համալսարանի հավաքի օրերին ուրախալի լուր է ստացվել նաև այն մասին, որ տևական գործընթացից հետո Հայաստանը միացել է Եվրոպական երիտասարդական կամավորական շարժման կոնվենցիային:
Ողջունելով պատվիրակության անդամներին և գոհունակություն հայտնելով ամառային համալսարանի հաջող անցկացման կապակցությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է նման երիտասարդական խոշոր հավաքների անցկացումը մեր երկրում, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում երիտասարդության հետ տարվող աշխատանքները դրական գնահատանքի են արժանանում: Պատվիրակության անդամներին ներկայացնելով եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործնական քայլերը, վարչապետն ընդգծել է, որ երիտասարդությունը, անկասկած, կարևոր դերակատարություն ունի մեր երկրի եվրաինտեգրման գործընթացում: ՀՀ կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ երիտասարդության հարցերը գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, հնարավորինս պայմաններ են ստեղծվում երիտասարդներին քաղաքական, պետական ու հասարակական աշխատանքներում ներգրավելու համար: Ըստ նրա, բնորոշ է նաև այն, որ մեր երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հասարակական կազմակերպությունները ունեն երիտասարդական թևեր, որոնք ակտիվ աշխատանք են ծավալում ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Եվրախորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի գործունեությունը, իրագործվող ծրագրերը, այդ թվում նաև ամառային համալսարանի ծաղկաձորյան դասընթացը իրենց նպաստը կբերեն երիտասարդության միջազգային համագործակցության, մասնավորապես, ԵԽ ղեկավար կոմիտեի նոր անդամների՝ այդ ասպարեզում աշխատելու ունակությունների զարգացմանը, ինչպես նաև կոմիտեի անդամ-երկրներում երիտասարդական քաղաքականության խթանմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել ղեկավար կոմիտեի անդամներին՝ նրանց հետագա գործունեության մեջ: